Առողջության ապահովման և բարելավման ծրագրերի շրջանակներում կտրամադրվեն բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններ
2026-05-06

News Photo

ՀՀ Կառավարության որոշմամբ առողջության ապահովման և բարելավման ծրագրերի շրջանակներում հնարավորություն է ընձեռնվում բժշկական կազմակերպություններում օգտվելու բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններից:

Ծրագրի շրջանակում բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություներից օգտվելու շահառուներն են՝ 

  • վերարտադրողական տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում (42 օր). 
  • անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ.
  • զինվորական հաշվառման, պարտադիր զինվորական ծառայության կամ զորահավաքային զորակոչերի, ինչպես նաև պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավման ենթակա անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն և հիվանդանոցային փորձաքննություն).
  • 200.0 հազ. ՀՀ դրամից ցածր աշխատավարձ ստացող զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, փրկարարական ծառայողներ.
  • զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, փրկարար ծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակառուներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդության կամ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) զինծառայողի, փրկարարական ծառայողների ընտանիքի անդամներ.
  • ձերբակալվածներ (միայն անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող դեպքերի մասով), կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ.
  • բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և ժամանակավոր օթևանների շահառուներ.
  • մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք.
  • ապաստան հայցողներ ու նրանց ընտանիքների անդամներ.
  • դատաբժշկական, դատահոգեբուժական, դատաթմրաբանական և թմրաբանական փորձաքննություն և իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ.
  • Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած, այդ թվում` ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք, ինչպես նաև միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հավաքագրված և մշակված (բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ նույնականացված)՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված անձինք.
  • ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձինք (բռնության դեպքով պայմանավորված՝ անձի առողջական խնդիրների լուծման նպատակով).
  • զինծառայության ընթացքում ստացած վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել (հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում).
  • զինծառայության ընթացքում ստացած վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք՝ բուժման սկզբից 3 ամսվա ընթացքում, մինչև բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրումը՝ վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկման մասով.
  • ՀՀ քաղաքացի, ռեզիդենտ և ֆունկցիոնալության համապատասխանաբար խորը, ծանր, միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձինք և հաշմանդամության 1-ին, 2-րդ, 3-րդ խումբ ունեցող անձինք․
  • ՀՀ քաղաքացի, ռեզիդենտ և Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ.
  • ՀՀ քաղաքացի, ռեզիդենտ և հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ.
  • ՀՀ քաղաքացի, ռեզիդենտ և 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած), կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված, ինչպես նաև սույն կետում նշված հանգամանքներում ստացած վնասվածքի, խեղման կամ ձեռք բերած հիվանդության հետ պատճառական կապով հետագայում մահացած անձի ընտանիքի անդամներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և նրանց հավասարեցված անձինք, բռնադատվածներ․
  • ընտանիքի անապահովության միավոր կամ աստիճան ունեցող ընտանիքի ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ անդամ՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով։

Ծրագրի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի՝ «Առողջության ապահովման և բարելավման ծրագրերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններ» էջում։ 

Տարածել