ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով վարկերի սուբսիդավորման ծրագրում։ Ծրագրի շրջանակում վարկերը տրամադրվում են պտուղբանջարեղենի գնումների, պտուղբանջարեղենի պահածոների արտադրության մեջ օգտագործվող ապակե բանկաների, կափարիչների, ասեպտիկ պարկերի, դրանց տարաների ձեռքբերման, խաղողի գնումների, կաթի գնումների, սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների գնումների, շինշիլայի գնումների նպատակով։
Փոփոխությունների արդյունքում՝ սպանդանոցների կողմից խոշոր եղջերավոր կենդանիների մթերումների (գնումների) նպատակով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը վարկերը տրամադրվում են մինչև 1.5 տարի մարման ժամկետով, սուբսիդավորվում են 9 տոկոսային կետով, իսկ մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է ոչ ավելի, քան 6 ամիս: Վարկի գումարը հաշվարկվելու է սպանդանոցի մակերեսով՝ 1 քառ. մետր մակերեսի համար ոչ ավելի, քան 0.2 մլն դրամ հաշվարկով, իսկ շարժական սպանդանոցի համար՝ ոչ ավելի, քան 5.0 մլն դրամ։ Յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 20.0 մլն դրամը, իսկ շարժական սպանդանոցի համար՝ 5.0 մլն դրամը։
Բացի դրանից, խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվում է մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2024 թվականին արտահանված արտադրանքի արժեքը։ Կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 9-ի N1426-Լ որոշմամբ հաստատվել է 2025 թվականին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով վարկերի սուբսիդավորման ծրագիր» էջում։