ՀՀ Կառավարության որոշմամբ՝ փոփոխություններ են տեղի ունեցել գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով վարկերի սուբսիդավորման ծրագրի պայմաններում։ Գործող կարգավորումներով ծրագրի շրջանակներում վարկերը տրամադրվում են հետևյալ նպատակներով՝ պտուղբանջարեղենի գնումներ, խաղողի գնումներ, կաթի գնումներ, սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների գնումներ, շինշիլայի գնումներ։
Նոր փոփոխություններով վարկեր կտրամադրվեն նաև պտուղբանջարեղենի պահածոների արտադրության մեջ օգտագործվող ապակե բանկաների, կափարիչների, ասեպտիկ պարկերի և դրանց տարաների ձեռքբերման նպատակով։ Փոփոխություններ են տեղի ունեցել նաև ծրագրի շրջանակում Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցող ֆինանսական կառույցների ցանկում։ Ծրագրի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի՝ «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով վարկերի սուբսիդավորման ծրագիր» էջում։