Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ

Ծրագրի մասին

Մինչև երկու տարեկան երեխային խնամելու կապակցությամբ ամսական տրվում է՝

  • խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ,
  • խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 37,500 դրամ,
  • խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 69,100 դրամ։

Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և երեխան ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով, և երեխան գտնվում է ՀՀ-ում:

Խնամքի նպաստը նշանակվում է՝

1) երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից (բայց խնամքի նպաստի իրավունք ձեռք բերելու ամսվա 1-ից ոչ շուտ), եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվել են սույն մասի 1-ին կետում նշված տասներկուամսյա ժամկետը լրանալուց հետո:

 

Ովքե՞ր կարող են դիմել

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունի երեխայի ծնողներից մեկը կամ որդեգրողը կամ խնամակալը մինչև երեխայի երկու տարեկանը լրանալու ամիսը ներառյալ, եթե՝

  • երեխան չունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ, բացառությամբ երեխայի խնամակալի (երբ խնամքի նպաստ նշանակվում է երեխայի խնամակալին). 
  • երեխան չի գտնվում բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը).
  • լրացել է երեխայի 70 օրականը, սակայն չի լրացել երեխայի երկու տարեկանը:

 

Օտարերկրյա քաղաքացի ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք, եթե բավարարում է վերը նշված պայմանները, և երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով։

 

Գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող, խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստը վճարվում է, եթե վճարելու ամսվա 1-ի դրությամբ՝ առնվազն մեկ տարի անընդմեջ ծնողը հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով, և  երեխան հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով:

Դիմելու կարգ

Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է՝

  • այցելել socservice.am կայքէջ,
  • ընտրել «Առցանց դիմումներ» պատուհանը և իրար հաջորդող հետևյալ ենթապատուհանները՝ «Սոցիալական ապահովություն․ առցանց դիմումներ», «Կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ» և վերջում՝ «Մուտքագրել մինչև 2 տարեկան երեխայի նպաստի դիմում»,
  • բացվող պատուհանում լրացնել անձը հաստատող փաստաթղթում առկա համապատասխան տվյալները։

Եթե քաղաքացին հարթակում գրանցված չէ, անհրաժեշտ է գրանցվել էջի վերևում՝ աջ անկյունում եղած «Գրանցում» կոճակի միջոցով։

Առցանց դիմում ներկայացնելու դեպքում փաստաթղթեր կցելու անհրաժեշտություն չկա։

 

Առձեռն դիմում ներկայացնելու համար՝ այցելել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը։

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

Միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժին անհրաժեշտ է ներկայացնել՝

  • դիմում,
  • դիմողի (եթե դիմողը ծնողը չէ) անձը հաստատող փաստաթուղթը,
  • ծնողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, եթե ծնողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց,
  • երեխայի ծննդյան վկայականը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը,
  • անհրաժեշտության դեպքում՝ խնամակալության մասին փաստաթուղթը,
  • ծնողի կողմից ստորագրված հայտարարությունը՝ խնամքի արձակուրդն ավարտվելու (արձակուրդն ընդհատվելու, աշխատանքի անցնելու կամ աշխատանքից ազատվելու) դեպքում և օրենքով սահմանված այլ դեպքերում խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու վերաբերյալ տեղեկացված լինելու մասին,
  • ծնողին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու մասին գործատուի տված տեղեկանքը (ստորագրված և կնքված գործատուի կնիքով),
  • անհրաժեշտության դեպքում՝ խնամքի նպաստը կանխիկ եղանակով դիմողին վճարելու վերաբերյալ նոտարական կարգով վավերացված` ծնողի տված լիազորագիրը:

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Պետական նպաստների մասին ՀՀ օրենք

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ տեսանյութ

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114,

Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԱՍՀՆ։

Տարածել
Տեսանյութ