Միջոցառման նպատակն է աջակցել տնտեսավարողներին ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների (այսուհետ՝ ԲՈՈՒՄ)։ ԲՈՈՒՄ ներգրաված տնտեսավարողին փոխհատուցվում է մասնագետի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարի 10%-ը (ոչ ավելի քան 1 մլն դրամը)։
Եթե ԲՈՈՒՄ-ն ունի դոկտորի գիտական աստիճան, ապա փոխհատուցվում է վերջինիս աշխատավարձի և դրան հավասարեցված վճարի 30%-ը (ոչ ավելի քան 1․5 մլն դրամը)։
Դոկտորի գիտական աստիճան ունեցող ԲՈՈՒՄ-ի կողմից հայկական ԲՈՒՀ-երում դասավանդելու դեպքում հիմնական աշխատավայրի աշխատավարձի նշյալ փոխհատուցումից բացի, կփոխհատուցվի նաև բարձրագույն ուսումնական հաստատության կողմից վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 50%-ը (ոչ ավելի քան 2 մլն դրամը)։
Ծրագրի շահառու կարող են դառնալ ՀՀ-ում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք աջակցության համար դիմելու պահին նախորդող 12 ամսվա ընթացքում ներգրավել են ստորև ներկայացված պահանջներին համապատասխանող բարձր որակավորում ունեցող մասնագետների․
Բարձր որակավորում ունեցող մասնագետ է համարվում այն մասնագետը, ով
- տնտեսավարողի կողմից ծրագրին դիմելու պահին նախորդող 30 ամսից առնվազն 12-ը ապրել է ՀՀ տարածքից դուրս և բավարարում է հետևյալ պայմաններից գոնե մեկին,
- ավարտել է ծրագրին դիմելու տարում հրապարակված QS համաշխարհային համալսարանների վարկանիշի (QS World University Rankings) առաջատար չորս հարյուր ԲՈՒՀ-երից որևէ մեկը և ստացել է բակալավրի, մագիստրոսի և/կամ դոկտորի որակավորում/աստիճան,
- ունի նվազագույնը 10 տարվա աշխատանքային փորձ հետևյալ վարկանիշային կամ ինդեքս թողարկող ընկերությունների կողմից թողարկված վարկանիշի կամ ինդեքսի մաս կազմող ընկերություններում՝ Forbes, Fortune, HeadHunter, NIFTY, Dow Jones, FTSE, S&P, SSE Composite, SZSE, KOSPI, KOSDAQ, BSE SENSEX, NSE of India, BOVESPA, IBrX, ITEL, Nikkei, TOPIX, DAX, MDAX, MOEX Russia։
Շահառու չեն կարող դառնալ այն տնտեսավարողները, որոնց աշխատողների թվաքանակը ծրագրին դիմելու պահին կազմում է մինչև 10-ը, ընդ որում, ծրագրի ամբողջ ընթացքում տնտեսավարողի աշխատողների թվաքանակը չպետք նվազի 10-ից, իսկ ԲՈՈՒՄ չեն կարող համարվել այն աշխատողները, ովքեր հանդիսանում են կազմակերպության տնօրեն կամ զբաղեցնում են դրան հավասարեցված այլ պաշտոն։
- Տնտեսավարողները իրականացնող մարմին են ներկայացնում դիմում-հայտ (որում ներառվող փաստաթղթերը ներկայացված են կից)՝ հարթակի միջոցով։
- նշված փաստաթղթերը և տեղեկությունները միջոցառման պահանջները բավարարելու դեպքում իրականացնող մարմինը ՊԵԿ-ին և ԱԱԾ-ին պաշտոնական գրությամբ ներկայացնում է հարցում, որի արդյունքում ՊԵԿ-ը տրամադրում է տեղեկատվություն՝ եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներով հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների, եկամտային հարկի չափի վերաբերյալ` ըստ ամիսների, իսկ ԱԱԾ-ն ծրագրին դիմելու պահին նախորդող 30 ամսից առնվազն 12-ը ՀՀ տարածքից դուրս ապրելու վերաբերյալ։
- Սույն միջոցառման պահանջները բավարարող դիմում-հայտերի փոխհատուցումները փոխանցվում են տնտեսավարողների դիմում-հայտում նշված բանկային հաշիվներին` մինչև յուրաքանչյուր եռամսյակի ավարտին հաջորդող 15 օրվա ընթացքում, ընդ որում ԲՈՈՒՄ-ներին վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների դիմաց և չեն տրամադրվում դիմումին նախորդող շրջանում վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների համար։
Փոխհատուցման տրամադրումը մերժվում է, եթե տնտեսավարողի կողմից ներկայացված փաստաթղթերով տրամադրված տեղեկությունները և տվյալները չեն համապատասխանում իրականությանը կամ սույն միջոցառման պահանջներին:
- Դիմում-հայտ, որում պարտադիր նշված է ընկերության անվանումը, ՀՎՀՀ-ն, գտնվելու վայրի հասցեն և բանկային տվյալները,
- վերը նշված պայմանները բավարարող ԲՈՒՀ-երից որևէ մեկի բարձրագույն կրթությունը կամ գիտական աստիճանը հիմնավորող վկայականի բնօրինակը կամ պաշտոնական պատճենը և/կամ վերը նշված պայմանները բավարարող ընկերություններում աշխատելու հետևյալ հիմքերը`
- պաշտոնական տեղեկանք նշված ընկերություններից որևէ մեկից, որում պետք է հստակ նշված լինի քանի տարի է տվյալ մասնագետն աշխատել այդ ընկերությունում և ինչ պաշտոններ է զբաղեցրել,
- մասնագետի նախկին աշխատավայրի ղեկավար անձնակազմից համապատասխան անձի/անձանց անունը, ազգանունը, պաշտոնը, էլ․ հասցեն, հեռախոսահամարը` սույն միջոցառման 3-րդ կետում նշված տեղեկությունները հաստատելու համար,
- ԲՈՈՒՄ-ի հետ կնքված աշխատանքային պայմանագրի (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի) պատճենը ՀՀ-ում գտնվող ընկերությունից,
- ԲՈՈՒՄ-ի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
- ԲՈՈՒՄ-ի համաձայնությունը սույն միջոցառման շրջանակներում իրականացնող մարմնի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ՊԵԿ-ի կողմից անձնական տվյալների, այդ թվում՝ աշխատավարձի չափի, վճարված հարկերի վերաբերյալ տեղեկությունների փոխանցման, ստացման, մշակման վերաբերյալ: