Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում

Ծրագրի մասին

Ծրագիրն իրականացում է ԶԻՆԱՊԱՀ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից։ Այն ստեղծվել է 2017թ. հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով (I կամ II խմբի հաշմանդամություն ունեցող) զինծառայողներին կայուն ֆինանսական հատուցումներ տրամադրելու նպատակով։

ԶԻՆԱՊԱՀԸ տրամադրում է միանվագ 5 կամ 10 մլն․ ՀՀ դրամ, այնուհետև 20 տարի շարունակ ամսական 100,000 – 300,000 ՀՀ դրամ՝ ըստ սպայական կոչման։

Զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամներն ունեն լրացուցիչ ամսական 100,000 ՀՀ դրամ ստանալու իրավունք, եթե հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ զինծառայողն ունի 3 և ավելի երեխաներ, որոնք պատկանում են ստորև թվարկված որևէ խմբի.

  • 18 տարին չլրացած երեխաներ կամ
  • 23 տարին չլրացած առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակներ կամ
  • 18 տարեկան կամ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակներ, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը։

2024թ․ հունվարից ԶԻՆԱՊԱՀԻ Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ ինդեքսավորել է շահառուներին տրամդրվող հատուցման ամսական գումարները և լրավճարները՝ բարձրացնելով դրանք 26%-ով։ 

Ովքե՞ր կարող են դիմել

ԶԻՆԱՊԱՀԻ շահառու կարող են դառնալ.

1. ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով զինծառայողները

2. Զինծառայողի զոհվելու կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում շահառու են համարվում զինծառայողի՝ 

  • ամուսինը
  • զավակը (զավակները)
  • ծնողը (ծնողները)
  • հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը և եղբայրը, ինչպես նաև զինծառայողի խնամքի տակ գտնված 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող քույրը և եղբայրը, եթե հաշմանդամություն ունեցող անձ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը: Ընդ որում, քույրը և եղբայրը համարվում են շահառու, եթե նրանց ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում.
  • զինծառայողի հետ գրանցված ամուսնության մեջ չգտնվող և համատեղ զավակ ունեցող անձը: Զինծառայողից ամուսնալուծված, սակայն համատեղ զավակ ունեցող անձը չի համարվում շահառու:

Հատուցման դեպք չի համարվում, երբ զինծառայողը զոհվել կամ զինհաշմանդամություն է ձեռք բերել ոչ մարտական գործողությունների արդյունքում։ 

Դիմելու կարգ

Հատուցում ստանալու համար ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող զինծառայողը կամ զոհված/անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամը, պետք է ներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը այն պետական մարմնին, որտեղ զինծառայողը նախկինում ծառայել է։

Անհրաժեշտ փաստաթղթեր

ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող զինհաշմանդամներին դիմումին կից անհարժեշտ է ներկայացնել.

  • Զինծառայողի բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից տրված ֆունկցիոնալության սահմանափակման տեղեկանք ու ստացած վնասվածքի կամ խեղման պատճառական կապի մասին համապատասխան պետական մարմնի կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը
  • Անձնագիրը կամ սոցիալական քարտը
  • Հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք
  • Բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանք`տրված բնակչության պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից։

 

Զոհված, անհայտ բացակայող ճանաչված զինծա­ռայողների ընտանիքների անդամներին անհրաժեշտ է ներկայաց­նել զինծառայողի՝

  • Մարտական գործողությունների ավարտից հետո 5 տարվա ընթացքում մահացած զինծառայողի մահվան պատճառական կապի մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը` մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով զինծառայողի մահացած լինելու վերաբերյալ կամ օրենքով սահմանված կարգով զինծառայողին անհայտ բացակայող ճանաչվելու վերաբերյալ դատական ակտը
  • Շահառու հանդիսացող անձանց անձնագրերը կամ սոցիալական քարտերը 
  • Շահառու հանդիսացող անձանց հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը
  • Շահառու հանդիսացող անձանց բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանք` տրված բնակչության պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից
  • Եթե շահառու է զինծառայողի կինը, ապա վերջիններիս ամուսնության վկայականը
  • Եթե շահառու է/են (նաև) զինծառայողի երեխաները, ապա վերջիններիս ծննդյան վկայականները
  • Եթե շահառու է/են զինծառայողի՝ 18 տարին չլրացած քույրը կամ եղբայրը՝ վերջինիս ծննդյան վկայականը
  • Եթե շահառու է/են զինծառայողի՝ անգործունակ ճանաչված քույրը կամ եղբայրը՝ անգործունակ ճանաչելու մասին դատական ակտը
  • Եթե շահառու է/ են զինծառայողի՝ մինչև 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը և եղբայրը՝ ուսումնառության վերաբերյալ տեղեկանը`տրված ուսումնական հաստատության կողմից
  • Եթե շահառու է/են զինծառայողի՝ ֆունկցիոնալության սահմանափակմամբ քույրը և եղբայրը՝ ֆունկցիոնալության սահմանափակման  մասին տեղեկանքը՝ տրված բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից 
  • Ամսական լրացուցիչ գումար ստանալու իրավունք ունենալու դեպքում նաև լրացուցիչ գումարը ստանալու համար պահանջվող փաստաթղթերը։
Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն (հասցե՝ ք․ Երևան, Բաբայան 4, հեռ․՝ 010 281 080, 010  200 951
էլ. հասցե՝  [email protected]

ԶԻՆԱՊԱՀ զանգերի կենտրոն 012  55 10 55
Հատուցումների տրամադրման կարգ
Կայքէջ՝ www.zinapah.am

Տարածել
Տեսանյութ