Ծրագրի հիմնական նպատակը՝ գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծման համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է։
Ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին կտրամադրվի հետևյալ գյուղատնտեսական տեխնիկան՝
- տրակտորներ՝ տարբեր մակնիշների,
- կոմբայններ,
- հավաքիչ-մամլիչներ,
- շարքացաններ,
- գութաններ,
- խոտհնձիչներ,
- կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ,
- կուլտիվատորներ, ֆրեզներ,
- սրսկիչներ,
- տրակտորային կցասայլակներ,
- այլ գյուղատնտեսական տեխնիկա։
Ծրագրի պայմաններն են՝
- լիզինգի տարեկան տոկոսադրույքը՝ 2%, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների և զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների համար լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ լիզինգառուի կողմից վճարման ենթակա լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 0%,
- կանխավճարը՝ լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20% չափով,
- լիզինգի մարման ժամկետը՝ կոմբայների համար՝ 7-10 տարի, տրակտորների համար՝ 5-6 տարի, շարքացանների, հավաքիչ-մամլիչների համար՝ 3-6 տարի, այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար՝ 3 տարի,
- Ընդ որում տրակտորներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա միևնույն լիզինգառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում մարման ժամկետը կարող է սահմանվել 5-6 տարի։
- լիզինգի մայր գումարի և տոկոսադրույքի վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 6 ամիս ժամկետով։
Ծրագրի շրջանակում նույն լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 250,0 մլն դրամը։
Ծրագրի շահառու կարող են դառնալ ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, համայնքները։
Ծրագրին մասնակցության անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում են մասնակից ֆինանսական կառույցները՝ ներքին կանոնակարգերին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1985-Լ որոշում,
ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ (+374) 11 523 411, (+374) 11 597 254, (+374) 11 297 428, (+374) 11 529 231։
ԹԵԺ ԳԻԾ` 81-40,
Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԷՆ։