Ծրագրի նպատակն է խթանել 63–72 տարեկան ՀՀ քաղաքացիների տնտեսական ակտիվությունը՝ ստեղծելով տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն սկսելու, վերականգնելու, ընդլայնելու կամ շարունակելու հնարավորություններ։ Այն ուղղված է քաղաքացիների մասնագիտական փորձը, գիտելիքները, կարողություններն ու համայնքային կապերը կայուն գործունեության և եկամտի աղբյուրի վերածելուն։
Ծրագիրը ներառում է ձեռնարկատիրական հմտությունների զարգացման ուսուցում և գործարար ծրագրի իրականացման համար միանվագ ֆինանսական աջակցություն՝ մասնակից բանկերի կամ վարկային կազմակերպությունների միջոցով։
Ֆինանսավորումն իրականացվում է 2027 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում՝ 2026 թվականին ներկայացված դիմումների հիման վրա ընտրված շահառուների համար։ Կրթական բաղադրիչն իրականացվում է միջազգային գործընկերների կամ դոնոր կազմակերպությունների ֆինանսական և (կամ) կազմակերպչական աջակցությամբ։
►Կրթական բաղադրիչ
Կրթական ծրագիրը ներառում է առնվազն 20 ակադեմիական ժամ ուսուցում՝ բիզնես գաղափարի մշակման և գնահատման, գործարար ծրագրի պատրաստման, ֆինանսական պլանավորման, շուկայի ու հաճախորդների վերլուծության, վաճառքի և մարքեթինգի թեմաներով։ Մասնակիցը ուսուցման ընթացքում մշակում է իր գործարար ծրագիրը։
Ավարտական գնահատման արդյունքում առնվազն 60 տոկոս արդյունք արձանագրած մասնակիցները ստանում են հավաստագիր՝ տրամադրման օրվանից 12 ամիս վավերականությամբ։
Կրթական հայտ ներկայացնելը, ուսուցմանը մասնակցելը կամ հավաստագիր ստանալը չեն երաշխավորում ֆինանսական աջակցության տրամադրումը։ Ֆինանսավորման համար անհրաժեշտ է առանձին դիմել մասնակից ֆինանսական կազմակերպությանը և բավարարել Ծրագրի պահանջները։
►Աջակցության նպատակային ուղղությունները
Առանձին նախատեսված են նաև ավտոմեքենաների սպասարկման ու նորոգման, կացության ծառայությունների, սառնարանային ու ջերմատնային տնտեսությունների, այգեհիմնման, անասնապահության, գյուղմթերքի վերամշակման, սպորտային, մշակութային, ստեղծագործական, ժամանցային և հանդիսությունների կազմակերպման գործունեության համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերումները։
►Աջակցության օգտագործման պայմանները
Աջակցությամբ չեն ֆինանսավորվում աշխատավարձերը, անշարժ գույքը, անձնական օգտագործման տրանսպորտը, վարկերի մայր գումարն ու տոկոսները, տույժերը, տուգանքները, հարկային պարտավորությունները կամ անձնական սպառման ծախսերը։ Սահմանափակումը չի տարածվում սեփական միջոցներով կամ լրացուցիչ վարկով կամ լիզինգով ֆինանսավորվող՝ հաստատված գործարար ծրագրի ընդունելի ծախսերի վրա։
Աջակցության տրամադրման ընթացքում միջնորդավճարներ կամ այլ վճարներ չեն կիրառվում։ Գործարար ծրագրի արժեքը կարող է գերազանցել աջակցությունը՝ սեփական միջոցների կամ կամավոր տրամադրվող վարկի կամ լիզինգի հաշվին։ Պետությունը չի երաշխավորում լրացուցիչ վարկի կամ լիզինգի վերադարձը։
Ոչ նպատակային օգտագործման, կեղծ տվյալների կամ պարտավորությունների խախտման դեպքում աջակցությունը ենթակա է ամբողջական կամ մասնակի վերադարձման։ Իրականացվում են փաստաթղթային ուսումնասիրություններ և Ծրագրով նախատեսված դեպքերում՝ տեղայցեր։
Կրթական ծրագրի հայտերի ընդունում՝ 2026 թվականի նոյեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ։
Ֆինանսական աջակցության համար կարող են դիմել 63–72 տարեկան ՀՀ քաղաքացիները, որոնք ունեն Ծրագրի պահանջներին համապատասխանող հավաստագիր և կրթական ծրագրի շրջանակում մշակված գործարար ծրագիր, ինչպես նաև՝
Գործող անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի նկատմամբ սահմանված են հետևյալ պահանջներ՝
Կենսաթոշակ ստանալը և վարձու աշխատող չհանդիսանալը նախապատվության պայմաններ են, ոչ բոլոր դիմողների համար մասնակցության պարտադիր պահանջներ։
►Առաջնահերթություններ
Մասնակցության և ֆինանսավորման հերթականությունը ձևավորվում է հետևյալ առաջնահերթությամբ՝
*Միևնույն խմբում նախապատվությունը տրվում է կրթական հայտը ներկայացնելու օրվա դրությամբ կենսաթոշակ ստացող և վարձու աշխատող չհանդիսացող դիմողներին, իսկ հավասար պայմաններում՝ դիմումն ավելի վաղ ամբողջական ներկայացրած անձանց։ Հերթականությունը միասնական է բոլոր մասնակից ֆինանսական կազմակերպությունների համար։
Յուրաքանչյուր շահառու աջակցություն կարող է ստանալ մեկ անգամ՝ մեկ ֆինանսական կազմակերպության միջոցով։ Միևնույն բիզնես նախաձեռնության համար փոխկապակցված անձանց կամ նույն իրավաբանական անձի մի քանի հիմնադիրների ու ղեկավարի առանձին դիմումների դեպքում շահառու կարող է ընտրվել նրանցից միայն մեկը։
1. Կրթական ծրագրին մասնակցության հայտը ներկայացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ Ծրագրի Ձև N 1-ով։ Հայտերի ընդունման ժամկետները, եղանակը և ուսուցման կազմակերպման տվյալները հրապարակվում են նախարարության հայտարարությամբ։
2. Նախարարությունը ստացված հայտերի հիման վրա ձևավորված անվանացանկերը փոխանցում է կրթական կազմակերպություններին և դիմողներին տեղեկացնում ուսուցման վայրի, ժամկետների ու պայմանների մասին։
3. Ուսուցումն ավարտելուց և հավաստագիր ստանալուց հետո դիմողը ֆինանսական աջակցության դիմումն ու փաստաթղթերը ներկայացնում է մասնակից՝ իր ընտրած բանկին կամ վարկային կազմակերպությանը։ Մասնակից կազմակերպությունների ցանկը հրապարակվում է նախարարության կայքում։
4. Ֆինանսական կազմակերպությունը ստուգում է փաստաթղթերն ու համապատասխանությունը Ծրագրին և գնահատում գործարար ծրագրի ծախսերի հիմնավորվածությունը, եկամուտների ու ծախսերի կանխատեսումների իրատեսականությունը և գործունեության շարունակականության հնարավորությունը։
5. Դրական գնահատված դիմումների հիման վրա նախարարությունը հաստատում է ֆինանսավորման ենթակա շահառուների ցանկը՝ առաջնահերթությունների, միասնական հերթականության և բյուջետային միջոցների հաշվառմամբ։ Ընտրված շահառուն ֆինանսական կազմակերպության հետ կնքում է աջակցության պայմանագիր։
Ծրագրին համապատասխանող, սակայն միջոցների անբավարարության պատճառով չֆինանսավորված դիմումները ներառվում են պահուստային ցանկում։ Թերություններ հայտնաբերելու դեպքում տրամադրվում է շտկման ժամկետ։ Պահանջներին չհամապատասխանելու, կեղծ տվյալների, չշտկված թերությունների կամ գործարար ծրագրի բացասական գնահատման դեպքում դիմումը մերժվում է՝ դիմողին հայտնելով հիմքերը։
Ծրագրի մասնակցության ընթացքին քայլ առ քայլ կարող եք ծանոթանալ ուղեցույցում։
Կրթական ծրագրին մասնակցելու համար՝
Ֆինանսական աջակցության դիմումին կից՝
Գործարար ծրագիրը ներառում է աջակցության օգտագործման հիմնավորումն ու արդյունքները, գործունեության, շուկայի ու հաճախորդների, դիմողի փորձի նկարագրությունը, ծախսերի նախահաշիվը, եկամուտների ու ծախսերի նախնական գնահատականը և գործունեության վայրը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության քարտուղարություն՝ [email protected]
Ձեռներեցության վարչություն՝ ☎ 011 597-118, 011 597-122