Ջերմատնային տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր

Ծրագրի մասին

Ջերմատնային տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի նպատակն է ֆինանսական ռեսուրսների հասանելիության միջոցով ապահովել ջերմատնային տնտեսություններում բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների արտադրության շարունակականությունը։ 

Ծրագրի շրջանակում աջակցությունը տրամադրվում է ֆինանսական կառույցների կողմից շահառուներին տրամադրված նպատակային վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ձևով: 

Վարկային միջոցները պետք է ծախսվեն անկանխիկ՝ հետևյալ ուղղություններով՝

  • սպառված գազի, էլեկտրաէներգիայի և ջրի գծով վճարներ,
  • պետական կամ համայնքի բյուջե հարկեր և պարտադիր վճարումներ,
  • աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ,
  • պարարտանյութերի, սերմերի, սածիլների ձեռքբերման (ձեռքբերումը պետք է իրականացվի ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպություններից) վճարումներ։ 

Վարկը տրամադրվում է տարեկան մինչև 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով, վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի 12 տոկոս տոկոսային կետով, բայց ոչ ավելի քան տրամադրվող վարկի տոկոսադրույքը։ Վարկի մարման ժամկետը սահմանվում է մինչև 18 ամիս։ Վարկի մայր գումարի և սուբսիդավորվող տոկոսագումարի համար վարկի տրամադրման օրվանից հաշված պարտադիր սահմանվում է արտոնյալ ժամկետ 12 ամիս տևողությամբ (վարկի մայր գումարի և սուբսիդավորվող տոկոսագումարի առաջին վճարումը կիրականացվի 12 ամիս հետո)։ Յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար առավելագույն վարկի սահմանաչափը կազմում է ոչ ավել քան 100․0 մլն դրամ գումարը։ Վարկի առավելագույն հանրագումարի շրջանակում յուրաքանչյուր շահառու պետք է վարկավորվի միայն մեկ ֆինանսական կառույցի կողմից:

Ծրագրով ֆինանսական կառույցների կողմից տրամադրվող նպատակային վարկերի պայմաններն են՝

  • վարկը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության դրամով, անկանխիկ եղանակով, ընդ որում՝ վարկի հետ կապված ֆինանսական կառույցի ծառայությունների համար այլ վճարներ չեն գանձվում (սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն).
  • վարկի մայր գումարը և վարկի տոկոսադրույքը վարկառուի ցանկությամբ վաղաժամ մարելու դեպքում տույժեր և տուգանքներ չեն գանձվում.
  • տույժերը կամ տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն.
  • սուբսիդավորման ենթակա տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ.
  • վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվում է վարկի մայր գումարի փաստացի մարումների հիման վրա։
     
Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրից կարող են օգտվել 1 հա և ավել մակերեսով ջերմատնային տնտեսություն տնօրինող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, ովքեր 2026 թվականի ընթացքում արտադրել և իրացրել են գյուղատնտեսական արտադրանք։ 

Յուրաքանչյուր շահառու ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ։

Դիմելու կարգ

Շահառուն կարող է դիմել ֆինանսական կառույցին մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը՝ ծրագրի պահանջներին համապատասխան վարկեր ներգրավելու համար։

Անհրաժեշտ փաստաթղթեր

Դիմումին կից ներկայացվում է՝

  • 2026 թվականին իրացված գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք, 
  • ջերմատնային տնտեսության անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենը, 
  • համաձայնագիր՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները նախարարությանը կամ այլ պետական մարմնին փոխանցելու մասին:
Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ կառավարության 2 հուլիսի 2026 թվականի N 975-Լ որոշում  

Էկոնոմիկայի նախարարության թեժ գիծ` 81-40

ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ (+374) 11 597 254
 

Տարածել