Անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիր
մինչև 2026-12-31

Ծրագրի մասին

ՀՀ-ում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակն է հանրապետությունում տեղական անասնաբուծական արտադրանքի արտադրության ծավալների ավելացման համար կատարվող ներդրումների մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել ճյուղում կատարվող ներդրումների ավելացմանը, անասնաբուծական արտադրանքի ինքնաբավության մակարդակի բարձրացմանը, տեղական արտադրության խթանմանը, ճյուղի գրավչության մակարդակի բարձրացմանը։

 Ծրագրի շրջանակում առաջարկվող պայմանները.

  • Ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ անասնաբուծության ճյուղում՝ տավարաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության ուղղություններով առնվազն 1,0 մլրդ դրամի (ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար՝ առնվազն 500,0 մլն դրամի) ներդրումային ծրագիր (անասնաբուծական համալիր, որը պետք է ներառի անասնաշենքեր, օժանդակ շինություններ, տեխնոլոգիական ապահովման սարքավորումներ, կարող է ներառել նաև անասնաբուծական մթերքների, գյուղատնտեսական կենդանիների աղբի վերամշակման, կերարտադրության կազմակերպման կարողություններ) իրականացնող տնտեսավարողները։ Ընդ որում, ներդրումների կառուցվածքում չեն ներառվում փոխկապակցված անձանցից (սույն ծրագրի իմաստով անձինք համարվում են փոխկապակցված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով) կատարված գնումները, ինչպես նաև իրեն պատկանող կազմակերպությունից ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերումը, իսկ կապիտալ ներդրումների տեսակարար կշիռը պետք է կազմի 70 տոկոս և ավելին, որի առնվազն 60 տոկոսը պետք է կազմեն շենքեր-շինությունների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման ծախսերը։ 1 ներդրումային ծրագրի շրջանակում կարող են ընդգրկվել միաժամանակ մեկից ավելի ուղղություններ՝ միասին առնվազն 1,0 մլրդ դրամի (Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար՝ առնվազն 500,0 մլն դրամի) չափով։
  • Շահառուի կողմից փաստացի կատարված ներդրումների չափը կարող է տարբերվել ներդրումային ծրագրով ներկայացված չափից՝ պահպանելով ծրագրի 4-րդ կետով սահմանված պահանջները և ներդրումային ծրագրով նախատեսված ցուցանիշները, ընդ որում, ներդրումային ծրագրով ներկայացված ներդրումներից ավելի կատարված ներդրումները փոխհատուցման ենթակա չեն։
  • Ծախսերի մասնակի փոխհատուցման գործընթացը կիրականացնի նախարարությունը՝ 2 փուլով, ներդրումների՝ ծրագրի պահանջներին համապատասխանության և չափերի (ծավալի) վերաբերյալ ներդրումային ծրագրի իրագործումը գնահատող «Խոշոր քառյակի» մասնագիտացված խորհրդատվական և աուդիտորական ընկերության, ինչպես նաև «ԲԻ-ԴԻ-Օ Արմենիա» և «Գրանթ Թորնթոն» փակ բաժնետիրական ընկերությունների (այսուհետ՝ ընկերություն) կողմից տրված եզրակացության հիման վրա: 1 շահառուին տրամադրվող փոխհատուցման հանրագումարը կկազմի ընդամենը կատարված կապիտալ ներդրումների 40 %-ը, բայց ոչ ավելի, քան 3,5 մլրդ դրամը։
  • Շահառուն պարտավոր է ներդրումային ծրագրի իրականացումը (շահագործման համար պատրաստ) ավարտել պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից 4․5 տարվա ընթացքում։
Դիմելու կարգ

Ծրագրին մասնակցելու համար շահառուները մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ (նախարարություն դիմումի մուտքագրման օրը) էլեկտրոնային կամ թղթային եղանակով դիմում են նախարարություն։

Անհրաժեշտ փաստաթղթեր
  • անձը հաստատող փաստաթուղթ (պատճենը),
  • գրանցումն ու հիմնադրումը հավաստող փաստաթղթեր (պատճենները),
  • համաձայնագիր՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկություններն այլ պետական մարմնին փոխանցելու մասին,
  • Վարկային բյուրոյից զեկույց՝ վարկային դրական պատմության վերաբերյալ,
  • ՊԵԿ կողմից տրամադրված տեղեկանքը՝ բարվոք հարկային պատմության վերաբերյալ (վարկային դրական պատմության վերաբերյալ զեկույցը և բարվոք հարկային պատմության վերաբերյալ տեղեկանքը պետք է տրամադրված լինեն նախարարություն դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ),
  • ներդրումային ծրագիր (առնվազն հետներդրումային 5 տարվա արդյունքային ցուցանիշներով),
  • ընկերության կողմից տրամադրված դրական եզրակացություն (եզրակացությունը, մասնավորապես, պետք է ներառի ծրագրի 4-րդ կետով սահմանված դրույթների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, ներդրումային ծրագրի միջազգային առաջադեմ փորձի կիրառման, մթերատվության և արտադրության նախատեսվող ծավալների, վերամշակող կարողությունների (առկայության դեպքում) և առաջիկա տարիներին նախատեսվող վճարվելիք հարկերի և ներդրումային ծրագրով նախատեսված գործունեությունից ստացվող հասույթի վերաբերյալ տեղեկություններ) կամ ՖԿ-ի (ՖԿ-ների) կողմից տրամադրված ներդրումային ծրագրի վերաբերյալ դրական եզրակացություն (եզրակացությունը, մասնավորապես, պետք է ներառի ծրագրի 4-րդ կետով սահմանված դրույթների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն)։
Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ Կառավարության 3 մարտի 2022 թվականի N 276որոշում

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական խորհրդատվության եւ նորարարությունների վարչություն՝ (+374) 11 523 411, (+374) 11 597 254, (+374) 11 297 428, (+374) 11 529 231,

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչություն` (+374) 11 597 304, (+374) 11 297 338 հեռախոսահամարով։

Տարածել