Ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի նպատակն է` ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել մատչելի պայմաններով ագրոպարենային ոլորտում ներդրումների ներգրավմանը, գյուղատնտեսական ու ագրովերամշակված արտադրանքի արտադրության կազմակերպմանը և արտադրանքի ծավալների ավելացմանը:
Ծրագրի շրջանակում՝
- վարկերը տրամադրվելու են դրամով, անկանխիկ եղանակով,
- յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկի սահմանաչափն է 1-2 մլն դրամ,
- նույն շահառուին տրամադրվող վարկի (վարկերի) առավելագույն հանրագումարը՝ 2 մլն դրամը,
- վարկի հետ կապված Ֆինանսական կառույցի ծառայությունների համար այլ վճարներ չեն գանձվում (սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն),
- վարկի առավելագույն հանրագումարի շրջանակում յուրաքանչյուր շահառու պետք է վարկավորվի միայն մեկ Ֆինանսական կառույցի կողմից,
- վարկը տրամադրվում է տարեկան մինչև 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով, վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուի կողմից վճարման ենթակա վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս։
- վարկի մարման ժամկետը` մինչև 3 տարի,
- վարկի մայր գումարի համար վարկի տրամադրման օրվանից հաշված արտոնյալ ժամկետ` 6 ամիս (վարկի մայր գումարի առաջին վճարումը կիրականացվի 6 ամիս հետո),
- վարկի վաղաժամկետ վճարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն սահմանվում։
- Շահառուն վարկ ստանալու նպատակով դիմում է ծրագրին մասնակից ֆինանսական կառույցներին (Ցանկը կհրապարակվի շուտով)։
- Շահառուն Ֆինանսական կառույց է ներկայացնում ծրագիր-տեղեկանք՝ վարկային միջոցների ծախսման ուղղությունների վերաբերյալ (ձևաչափը սահմանում է Ֆինանսական կառույցը)։
- Ֆինանսական կառույցի և շահառուի միջև կնքվում է վարկային պայմանագիր, որում ամրագրվում են դրույթներ այն մասին, որ շահառուն Ֆինանսական կառույցի կողմից տեղեկացված է ծրագրի պահանջների և դրանց խախտման հետևանքների վերաբերյալ, ինչպես նաև ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները Նախարարությանը կամ այլ պետական մարմնին փոխանցելու մասին։
Ծրագիր-տեղեկանքին կից անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է ֆինանսական կառույցը։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ Կառավարության 9 ապրիլի 2026 թվականի N 468-L որոշում
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական խորհրդատվության եւ նորարարությունների վարչություն՝ (+374) 11 523 411, (+374) 11 597 254, (+374) 11 297 428, (+374) 11 529 231,
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչություն` (+374) 11 597 169, (+374) 11 597 140 հեռախոսահամարով։