Ծրագրի շրջանակում ՀՀ ՊՆ համակարգի և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին պետական աջակցությամբ հիփոթեքային վարկավորման միջոցով բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից կառուցվող բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունք է տրամադրվում։
Պետական աջակցությամբ ձեռք բերվող բնակարանի հաշվարկային առավելագույն չափը սահմանվում է մինչև 80 քմ ընդհանուր մակերես ունեցող բնակարանի արժեքով։ Այդ արժեքը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով Երևանի բնակարանների շուկայական միջին գները (ըստ վարչական շրջանների), բացառությամբ Կենտրոն և Նուբարաշեն վարչական շրջանների։ Գները որոշվում են Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալների հիման վրա։
Միաժամանակ, ձեռք բերվող բնակարանի նվազագույն մակերեսը պետք է լինի առնվազն 75 քմ։
Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր զինծառայող կարող է հիփոթեքային վարկ ստանալ միայն մեկ անգամ։ Եթե ամուսինները երկուսն էլ զինծառայող են, ապա վարկը տրամադրվում է միայն նրանցից մեկին։
Ծրագրի շահառու կարող են դառնալ այն զինծառայողները, ովքեր 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ընդունվել են ռազմաուսումնական հաստատություն, կնքել են պայմանագրային զինվորական ծառայության պայմանագիր (օրենքով սահմանված ժամկետով), ավարտել են ռազմաուսումնական հաստատությունը, նշանակվել են սպայական պաշտոնի՝ ՀՀ ՊՆ համակարգում կամ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում։
Ծրագրին մասնակցելու համար զինծառայողը դիմում է ներկայացնում ՀՀ պաշտպանության նախարարին։ Դիմումի հիման վրա նրան տրվում է հավաստագիր, և նա ինքնաշխատ կերպով ընդգրկվում է ծրագրի մասնակիցների ռեեստրում։
ՀՀ կառավարության 5 փետրվար 2026 թվականի N 124-Ն որոշում
ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն (հասցե՝ ք․ Երևան, Բաբայան 4, հեռ.՝ (010) 281681, (010) 281080։
էլ.փոստի հասցե՝ [email protected] :