Վարձատրվող հասարակական աշխատանքների միջոցով ժամանակավոր զբաղվածության ծրագիր՝ անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց համար (Սյունիք, Կոտայք)

Ծրագրի մասին

Ծրագրի շրջանակում ժամանակավոր զբաղվածությամբ կապահովվեն Սյունիքի և Կոտայքի մարզերում անապահովության գնահատման նոր համակարգով ծայրահեղ և չափավոր անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձինք։ Ծրագիրը հնարավորություն կընձեռի շահառուին ընդգրկել վարձատրվող հասարակական աշխատանքներում՝ տրամադրելով եկամուտ։

Ծրագիրը նախատեսում է գործատուներին տրամադրել աջակցություն, եթե կներկայացնեն վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրային առաջարկություն հետևյալ ոլորտներում՝

  • քաղաքաշինություն և ենթակառուցվածքների պահպանում, այդ թվում՝ սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների(դպրոց, մանկապարտեզ, բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության  հաստատություններ, մշակույթի տուն) վերանորոգման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները, միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգման, այդ թվում՝ սանիտարական մաքրման աշխատանքները,
  • սոցիալական և համայնքային ծառայություններ, այդ թվում՝ միայնակ տարեցներին և խնամքի կարիք ունեցող այլ անձանց մասնագիտություն չպահանջող ծառայությունների (խնամքի և սպասարկման) մատուցումը,
  • գյուղատնտեսություն և անտառային տնտեսություն, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի, գյուղական բնակավայրերում մշակաբույսերի աճեցման և ոռոգման  հետ կապված, անտառների և կանաչապատ տարածքների վերականգնման, անտառապատման, խնամքի իրականացման  աշխատանքները,
  • մշակույթ և զբոսաշրջություն, այդ թվում՝ հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների հարակից տարածքների բարեկարգման, քայլարշավային արահետների կառուցման և բարեկարգման, այդ թվում՝ սանիտարական մաքրման աշխատանքները,
  • կրթություն, այդ թվում՝ ուսուցիչների օգնականների, ուսումնական հաստատություններում տեխնիկական, մասնագիտություն չպահանջող աշխատանքները։

Ծրագրի կազմակերպման աշխատանքները նախատեսված են e-work.am հարթակի միջոցով։ Մասնավորապես՝ նշված ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպության կամ համայնքի/վարչական շրջանի կողմից կարող է ներկայացվել ծրագրային առաջարկ, եթե այն առնվազն 3 տարի գործունեություն է իրականացնում սահմանված ոլորտներում և եթե ունի տարեկան միջին առնվազն 10 աշխատող։ Ծրագրի տևողությունը 3-ից 12 ամիս է։

Գործատուն շահառու անձանց հետ կկնքի աշխատանքային պայմանագիր և 1 մարդ/օր աշխատանքի համար գործատուին կտրամադրվի 3500 դրամի չափով գումար՝ ներառյալ հարկերը, այսպիսով՝ ամսական կտրվածքով գումարը կկազմի շուրջ 73,000 դրամ։

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրից կարող են օգտվել Սյունիքի և Կոտայքի մարզերում «Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության  գնահատման համակարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ այն անձինք, որոնք Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի աջակցությամբ ընդգրկված չեն զբաղվածության պետական այլ ծրագրերում։ 

Դիմելու կարգ

Ծրագրից օգտվելու նպատակով՝ անհրաժեշտ է գրանցվել e-work.am հարթակում (ուղեցույց՝ աշխատանք փնտրողների համար (հղում՝https://e-work.am/static/media/job-seeker.130a8e73c9de4d10f108.pdf), ուղեցույց՝ գործատուների համար (հղում՝ https://e-work.am/static/media/employer-guide.6e593747a26844c092af.pdf)) կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

e-work.am

socservice.am

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114,

Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԱՍՀՆ։

Տարածել