Բուսաբուծության աջակցության ծրագիր
մինչև 2025-12-31

Ծրագրի մասին

Բուսաբուծության աջակցության ծրագրի նպատակն է հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և կերային մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման, դրանց մշակության արդյունավետության բարձրացման, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը, ինչպես նաև բարելավել գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2025 թվականին և ընդգրկելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը: Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզի տարածքում խթանվում է աղյուսակում նշված մշակաբույսերի տեսակների մշակությունը։

Արտադրողականության բարձրացման նպատակով նախատեսվում է ցանքերն իրականացնել բացառապես հավաստագրված սերմերով։

Ծրագրով նախատեսվում է 2025 թվականին փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով հացահատիկային (աշնանացան և գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) և կերային մշակաբույսերի  (առվույտ, կորնգան, կերի ճակնդեղ) մշակության մեկ հեկտարի հաշվով  կատարվող հիմնական աշխատանքների (վարի, ցանքի, բերքահավաքի) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։

Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝

  • աշնանացան ցորենի մշակության յուրաքանչյուր 1 հա մակերեսի հաշվով՝ 80 000 դրամ
  • գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հա մակերեսի հաշվով՝ 70 000 ՀՀ դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հա մակերեսի հաշվով՝ 85 000 ՀՀ դրամ,
  • հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հա մակերեսի հաշվով՝ 100 000 ՀՀ դրամ,
  • կերային մշակաբույսերից առվույտի, կորնգանի 1 հա մակերեսի մշակության հաշվով՝ 110 000 ՀՀ դրամ, իսկ կերի ճակնդեղի համար՝ 80 000 դրամ։
Դիմելու կարգ

Շահառուները մինչև ցանքի իրականացումը ծրագրին մասնակցելու նպատակով թղթային տարբերակով  անհրաժեշը փաստաթղթերը ներկայացնում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով մշակվող (նախատեսվող) մշակաբույսի տեսակը, սորտերը, ցանքատարածության վայրը, մակերեսը,  բանկային հաշվեհամարը։

Բնակավայրի վարչական ղեկավարը դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարը դիմումը (նաև բնակավայրի վարչական ղեկավարին դիմած շահառուների դիմումները) ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում շահառուի հետ կնքում է ծրագրի մասնակցության պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր), ստեղծում շահառուների շտեմարան:

Սահմանված փաստաթղթերից որևէ մեկը չներկայացնելու կամ դրանք թերի ներկայացնելու պարագայում պայմանագիր չի կնքվում, որի մասին համայնքի ղեկավարն առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է շահառուին։

Պայմանագրի օրինակելի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով։

Շահառուները մինչև տվյալ մշակաբույսի բերքահավաքից առավելագույնը 2 ամիս առաջ փոխհատուցում ստանալու նպատակով թղթային եղանակով դիմում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով փաստացի առկա ցանքատարածության տեղը, մակերեսը։ Դիմումին կից ներկայացնում են սերմերի հավաստագրերի պատճենները, «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրված սերմերի որակի փորձաքննության արձանագրությունը: Անհրաժեշտության դեպքում շահառուից կարող են պահանջվել սերմերի ձեռքբերման փաստաթղթերը, սերմերի պարկերի պիտակները և այլ փաստաթղթեր։։

Համայնքի ղեկավարի հրամանով ստեղծված հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից իրականացվում է համատարած մոնիթորինգ՝ մինչև տվյալ մշակաբույսի բերքահավաքը։ Մոնիթորինգի իրականացման կարգը մշակում և հաստատում է նախարարությունը և մինչև տվյալ տարվա ապրիլի 20-ը տրամադրում համայնքին և մարզպետարանին։

Հանձնաժողովը ծրագրի շրջանակներում կատարված ցանքատարածություններում մոնիթորինգն իրականացնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է իր կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքները և ցանքերի ագրոտեխնիկական պահանջներին համապատասխան լինելու դեպքում մոնիթորինգի դրական եզրակացությամբ շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է նախարարություն՝ նախարարության կողմից մշակված ու հաստատված համայնքին և մարզպետի աշխատակազմին տրամադրված ձևաչափով։

 Ցանքատարածություններում մինչև բերքահավաքը մարզպետի աշխատակազմը նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացնում է ընտրանքային մոնիթորինգ, ընդ որում, մոնիթորինգի ընդգրկելիության նվազագույն շեմը պետք է կազմի համայնքի շահառուների թվի առնվազն 20 %-ը։

Անհրաժեշտ փաստաթղթեր
  • դիմում,
  • անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • անշարժ գույքի (գյուղատնտեսական նշանակության հողի) նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող պետական գրանցման վկայականի պատճենը, պայմանագրային հիմունքներով առնվազն մեկ տարի ժամկետով վարձակալության (ենթավարձակալության) կամ օգտագործման դեպքում՝ նաև նոտարական կարգով վավերացված այդ պայմանագրի պատճենը, կամ համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրված տեղեկանքը՝ գյուղատնտեսական նշանակության հողը շահառուի կողմից փաստացի օգտագործվելու վերաբերյալ (տեղեկանքում պարտադիր նշվում է շահառուի կողմից փաստացի օգտագործվող հողամասի կադաստրային ծածկագիրը, միևնույն կադաստրային ծածկագրով հողամասը նաև այլ շահառուների կողմից օգտագործվելու դեպքում՝ այդ մասին տեղեկատվություն, ինչպես նաև հողամասի փաստացի օգտագործման պատճառների վերաբերյալ տեղեկատվություն) և դրա հիմք հանդիսացող փաստաթղթերը։ Եթե գրանցված իրավունքն ընդհանուր համատեղ սեփականություն է կամ վարձակալություն (օգտագործում), ապա ներկայացվում է նաև անշարժ գույքի սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ (համասեփականատերերի) գրավոր համաձայնությունը.
  • գրավոր համաձայնություն՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները  նախարարությանը կամ պետական կառավարման համակարգի այլ մարմնին  փոխանցելու մասին,
  • հայտարարություն (հայտարարության ձևաչափը սահմանվում է համայնքի կողմից)՝ միևնույն հողակտորի վրա նույն նպատակի համար պետական օժանդակության այլ ծրագրերից չօգտվելու մասին տեղեկացված լինելու վերաբերյալ:
Խորհրդատվություն, օգտակար հղումներ

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

Էկոնոմիկայի նախարարություն,

Թեժ գիծ՝ 81-40,

Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԷՆ։

Տարածել