Ծրագրով հաստատվում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցության հաշվեհամարի բացման և տնօրինման կարգը: Առաջարկվող մոդելը լուծում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի հրատապ աջակցության խնդիրը՝ վերջինիս տրամադրելով միանվագ դրամական աջակցություն՝ հիմնված չափորոշիչներով սահմանված կարիքի գնահատման վրա։ Մոդելի հիմքում շահառուի և նրա խնամքի տակ գտնվող խնամառուների կենսական նվազագույն պայմանների ապահովման գաղափարն է։
Հաշվի առնելով միջազգային փորձը՝ ՀՀ-ում ներդրվում է այնպիսի մոդել, որն ապահովում է բազային մակարդակի աջակցություն և կիրառելի է արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման համար: Այն հնարավորություն է տալիս կիրառել ընդհանրական բանաձև, և պարզ է կիրառման տեսանկյունից: Առաջարկվող բանաձևն ընդգրկում է հետևյալ հիմնական բաղադրիչները՝ բազային արտակարգ վճար, բնակարանային նպաստ, խնամակալի աջակցություն:
Բազային արտակարգ վճարի սահմանման հիմքում առաջարկվում է դնել Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի հավասար տնօրինվող դրամական եկամուտի ապահովման գաղափարը։ Խնամակալի աջակցության հիմքում նախագծով առաջարկվում է դնել մեկ շնչի հաշվով պարենային զամբյուղի արժեքը, իսկ բնակարանային նպաստի հիմքում ֆիքսված գումար է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի բնակելի տարածքի կամ կացարանի վարձակալության ծախսերն ամբողջությամբ կամ մասնակի հոգալու համար:
Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձինք
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծ՝ 114,
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժին՝ 010565321,
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային փոստ՝ [email protected] ։