Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիր
2026-01-01-ից անժամկետ

Ծրագրի մասին

Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը սահմանում է համալիր միջոցառումներ և դրանց կազմակերպման կարգ, որոնք ուղղված են ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին հոգեբանական և սոցիալական աջակցության տրամադրման, առողջության վերականգնման, վնասակար սովորույթներից (ալկոհոլամոլություն, թմրամոլություն, թունամոլություն, խաղամոլություն) ձերբազատման միջոցով նրա կողմից կրկին բռնություն գործադրելու կանխմանը:

Ռեաբիլիտացման ծրագիրը նպաստում է կանանց և երեխաների ապահովությանն ու անվտանգությանը, ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի վարքի փոփոխությանը: Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած յուրաքանչյուր անձի Ծրագրի բովանդակությունը և տևողությունը որոշվում է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի ռիսկերի և կարիքների գնահատման հիման վրա:

Ծրագիրը մշակելիս հաշվի են առնում ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի տարիքը, սեռը, առողջական և սոցիալական վիճակը, հոգեբանական առանձնահատկությունները, ընտանիքի կազմը, ընտանեկան և կենցաղային բռնության տեսակը, դրա դրսևորման ձևը, գործադրման տևողությունը, դրա գործադրմանը նպաստող պատճառներն ու պայմանները, ինչպես նաև այլ առանձնահատկություններ։ Ծրագրի մշակման համար անհրաժեշտ է ընտանեկան և կենցաղային բռնության գործադրած անձի գրավոր համաձայնությունը` նրա վերահսկողության պլանում ներառվելիք անձնական տվյալների մշակման համար։

Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձը Ծրագրին կարող է մասնակցել նաև կամավոր։ «Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրի շահառու է համարվում ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած այն անձը, ում նկատմամբ Ոստիկանության կողմից կայացվել է նախազգուշացում և ում նկատմամբ դատարանի կողմից կիրառվել է պաշտպանական որոշում։

Դիմելու կարգ

Ծրագրին մասնակցելու համար ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձը կարող է դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պատվիրակված հասարակական կազմակերպությանը։

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծ՝ 114։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային փոստ՝ [email protected]

Տարածել