Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիր
2025-02-01 մինչև 2026-01-31

Ծրագրի մասին

Անհուսալի վարկեր ունեցող անձանց ոչ ֆորմալ (ստվերային) զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու նպատակով գործարկվել է միջոցառում, որից կարող են օգտվել վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։

Աջակցությունը կլինի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։

Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից վարկի սպասարկման համար բռնագանձվող գումարի չափը նախատեսվում է սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով (այժմ սահմանված մինչև 50%-ի փոխարեն)։

Ովքե՞ր կարող են դիմել

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։

Ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր ունեն ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն։

Աջակցության ծրագրից կարող են օգտվել նաև այն վարկառուները, ովքեր ունեն անհուսալի վարկեր նաև լուծարվող կազմակերպություններում։ 

Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ նաև Պաշտպանության, Ներքին գործերի նախարարությունների, ինչպես նաև Ազգային անվտանգության և Հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում աշխատողները (ծառայողները)՝ սահմանված պայմաններին բավարարելու դեպքում։ Ընդ որում, արդեն դիմում ներկայացրած և աշխատող չհանդիսանալու հիմքով մերժում ստացած ՊՆ աշխատողների դիմումները վերանայվելու են ինքնաշխատ կարգով, և նոր դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա, իսկ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատողները կարող են դիմել համապատասխան ծրագրային ապահովումը ներդնելուց հետո։
 

Դիմելու կարգ

Ծրագրից օգտվելու քայլերի հաջորդականությունը՝ ստորև.

  • Մուտք գործել https://e-social.am/services հարթակ,
  • սեղմել «Կյանքի դժվարին իրավիճակ» պատուհանի վրա, այնուհետև ընտրել «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտը,
  • Ձեր տվյալների նույնականացման համար համակարգը Ձեզ կառաջարկի ընտրել «Բջջային նույնականացման քարտ» (mID) կամ «Նույնականացման քարտ» տարբերակներից որևէ մեկը,
  • «Բջջային նույնականացման քարտ» (mID) տարբերակն ընտրելու դեպքում անհրաժեշտ է մուտքագրել Ձեր հեռախոսահամարը և սեղմելով «Մուտք» դաշտի վրա՝ ստանալ ստորագրման PIN գաղտնաբառը։ «Նույնականացման քարտ» տարբերակի դեպքում՝ անհրաժեշտ է նույնականացման քարտը տեղադրել ընթերցող սարքի մեջ, սեղմել «Մուտք» դաշտի վրա, հավաքել մուտքի PIN գաղտնաբառը և մուտքագրել պահանջվող տեղեկատվությունը։

Բջջային նույնականացման քարտ (mID) և նույնականացման քարտ չունեցող անձինք կարող են մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։

Անհրաժեշտ փաստաթղթեր

Դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում։

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

ԱՍՀՆ տելեգրամյան ալիք՝ https://t.me/mlsaofra

Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԱՍՀՆ։

Տարածել
Տեսանյութ