50.000-40.000-30.000 դրամ աջակցության ծրագիր՝ Ղարաբաղից տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար
մինչև 2026-12-31

Ծրագրի մասին

Ղարաբաղից տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով՝ 2025 թվականի հունվարից կգործի նորացված սոցիալական աջակցության ծրագիր։

Աջակցությունը կտրամադրվի հետևյալ չափերով՝

  • 2025 թ․ հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ։ Շահառուների շրջանակը կլինի գրեթե նույնը՝ ինչ 2024 թ․ ընթացքում․ չի գործի միայն 10,000 դրամ աջակցության բաղադրիչը, որը տրամադրվում էր ՀՀ-ում սեփականություն ունեցող անձանց։
  • 2025 թ․ ապրիլ-հունիս ամիսը ներառյալ աջակցության չափը կկազմի 40,000 դրամ՝ հետևյալ առանձին խմբերի համար. մինչև 18 տարեկան երեխաներ կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձինք, 63 և ավելի տարեկաններ, կերակրողին կորցրածներ կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք:
  • 2025 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսը ներառյալ աջակցությունը կշարունակվի 30,000 դրամի չափով՝ վերոնշյալ շահառուների խմբերի համար։
Ովքե՞ր կարող են դիմել

2025 թվականից նախատեսվող աջակցության ծրագրի շահառուների շրջանակը նույնն է՝ ինչ 2024 թվականի ընթացքում։ Հետևաբար՝ միջոցառումից կարող են օգտվել նրանք, ովքեր՝

  • հանդիսացել են միանվագ 100 հազար դրամ աջակցության ծրագրի շահառու,
  • տեղահանվել են 2020 թ․ հետո և նրանց տվյալներն առկա են Օպերատիվ շտաբի կողմից տրամադրված՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ՀՀ-ում գտնվող Ղարաբաղի բնակիչ հանդիսացած անձանց ցուցակներում,
  • Ղարաբաղից տեղահանված ընտանիքներում նոր ծնված կամ նոր ծնվող երեխաները։

Ծրագրից կկարողանան օգտվել Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հավաստագիր չստացած անձինք։

Միջոցառման շահառու չեն կարողանա դառնալ այն հայրենակիցները, ովքեր 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում ստացել են միայն 10,000 դրամ աջակցություն։

Դիմելու կարգ

Եթե տեղահանված հայրենակիցներն արդեն իսկ օգտվում են 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից, ապա 2025 թ․ նոր դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չեն ունենա։

Այն անձինք, ովքեր համակարգում դիմում չունեն, սակայն բավարարում են նորացված ծրագրի պայմաններին, կարող են դիմել https://rent.socservice.am  հղումով.

  • «Անձնական տվյալներ» բաժնում նախ անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի համարը, օրինակ՝ հանրային ծառայությունների համարանիշը։ Ապա պետք է նշել շահառուի անունը, ազգանունը և սեղմել կանաչով նշված կոճակը՝ անձնական տվյալների նույնականացման համար։ Եթե տվյալ անձը բավարարում է ծրագրի պարտադիր պայմաններին, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով կնույնականացնի դիմումատուի տվյալները։
  • Այնուհետև անհրաժեշտ է մուտքագրել հեռախոսի համարը, և էլեկտրոնային փոստի հասցեն․ «Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ» դաշտում փաստաթղթի տեսակը ու համարը կարտացոլվի ինքնաշխատ եղանակով։
  • «Փաստացի բնակության հասցե» հատվածում անհրաժեշտ է նշել մարզը, համայնքը, բնակավայրը, փողոցը, կառույցի տեսակը (առանձնատուն, բնակարան, այլ) կառույցի համարը․ ըստ անհրաժեշտության՝ բնակարանի համարը և փոստային դասիչը։
  • «Կոմունալ ծառայություն» հատվածում անհրաժեշտ է գրել Հայաստանի էլեկտրական ցանցերի բաժանորդային համարը (բաղկացած 7 նիշից)։ Ապա պետք է նշել՝ կա արդյոք նույն հասցեում բնակվող այլ անձ, թե՞ ոչ։

«Այո» արժեքի դեպքում անհրաժեշտ է սեղմել «Հաջորդ» կոճակը։

  • Հաջորդ էջում անհրաժեշտ է լրացնել «Ընտանիքի անդամների տվյալները»՝ նույն սկզբունքով, նշել ազգակցական կապը Ձեր (դիմողի) նկատմամբ (այսինքն՝ նշված գործողության վերևում ներկայացված անձը դիմողի զավակն է, ծնողը, թե այլ անձ)։
  • Ըստ անհրաժեշտության՝ համակարգը կառաջարկի «Կցել փաստաթուղթ» կոճակը, որտեղ պետք է կցել երեխայի ծննդյան վկայականը, խնամակալության կամ հոգաբարձության դեպքում՝ այդ մասին հավաստող փաստաթուղթը։
  • Եթե դիմումատուն չի հանդիսանում երեխայի ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն, ապա դիմումը չի հաստատվի։

«Ոչ» արժեքի դեպքում՝ շարունակել։

  • Դիմումին ընթացք տալու համար պարտադիր է ընտրել «համաձայն եմ» կամ «համաձայն չեմ» տարբերակներից որևէ մեկը հետևյալ հարցի համար՝ «Ես և իմ ընտանիքի անդամները համաձայն ենք ներկայացված տվյալները տրամադրել ԱՍՀՆ հետ համագործակցող երրորդ կողմին՝ Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական աջակցություն ստանալու նպատակով»։
  • Սեղմել «ՀԱՍՏԱՏՈՒՄ» կոճակ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Անչափահաս երեխայի համար դիմումը պետք է լրացնի ծնողը (խնամակալը կամ հոգաբարձուն)

*-ով նշված դաշտերում տվյալների մուտքագրումը պարտադիր է

Նույնականացման տվյալներն անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի տվյալներին համապատասխան։

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

Հարցերի դեպքում՝ զանգահարել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զանգերի կենտրոն՝ 114 հեռախոսահամարով։

«Հայաստանյան աշխատաշուկան մեկ վայրում» հարթակ՝ Ework.am։

Տարածել
Տեսանյութ