Միջազգային միջոցառումներին մասնակցելու համար երիտասարդներին ավիատոմսի ծախսի փոխհատուցման ծրագիր

Ծրագրի մասին

Ծրագիրն ուղղված է աջակցելու երիտասարդներին մասնակցելու միջազգային տարատեսակ միջոցառումներին, ներկայացնելու իրենց փորձը, աշխատությունները, ինչպես նաև ձեռք բերելու նոր գիտելիքներ, զարգացնելու իրենց կարողությունները, որոնք հետագայում կծառայեն Հայաստանում:

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրին կարող են դիմել և ավիատոմսի ծախսի փոխհատուցում ստանալ 16-ից 30 տարեկան երիտասարդները կամ 16-ից 30 տարեկան երիտասարդներից կազմված՝ Նախարարության կողմից ձևավորված մինչև 5 հոգանոց պատվիրակության  անդամները՝ հետևյալ միջոցառումներին մասնակցելու համար․

  • Երիտասարդներին կամ երիտասարդական hասարակական կազմակերպությունների անդամներին՝ միջազգային երիտասարդական միջոցառումներին, այդ թվում համաժողովներ, աշխատաժողովներ, լրացուցիչ և շարունակական կրթության դասընթացներ և երիտասարդների կարողությունների զարգացմանն ուղղված այլ միջոցառումներ, մասնակցության համար հետևյալ բովանդակային տիրույթում․
  1. երիտասարդական աշխատողի վերապատրաստում,
  2. երիտասարդական կենտրոնների գործունեության կազմակերպման մեթոդաբանություն,
  3. ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն,
  4. առաջնորդություն,
  5. երիտասարդների ինքնակազմակերպում/համախմբում,
  6. հակակոռուպցիոն մտածելակերպ,
  7. ֆինանսական գրագիտություն,
  8. մեդիագրագիտություն, թվային գրագիտություն և կիբեռգրագիտություն,
  9. ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով մասնագիտական վերապատրաստման ծրագրեր,
  10. մասնագիտական կողմնորոշման դասընթացներ,
  11. ձեռնարկատիրական հմտություններ,
  12. բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ,
  13. առողջ ապրելակերպ,
  14. փափուկ հմտություններ։
  • Երիտասարդ մասնագետներին՝ կրթական, գիտական, մշակութային, մարզական և հանրային կյանքի այլ ոլորտներում (առողջապահական, բնապահպանական) կազմակերպվող միջազգային դասընթացներին, աշխատաժողովներին, համաժողովներին և խորհրդաժողովներին և կարողունությունների զարգացման հնարավոր այլ միջոցառումներին մասնակցելու համար բացառապես բոլոր այն դեպքերում, երբ այդ միջոցառումների խորագրում շեշտադրված է միջոցառումների երիտասարդական բնույթը կամ երիտասարդների՝ առաջնային թիրախ լինելը:
Դիմելու կարգ

Փոխհատուցում ստանալու համար մեկնելուց առնվազն 14 աշխատանքային օր առաջ անհրաժեշտ է գրավոր ՀՀ ԿԳՄՍՆ, ներկայացնել դիմում-հայտ և անհրաժեշտ փաստաթղթերը:

Անհրաժեշտ փաստաթղթեր
  • Դիմում,
  • անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • միջոցառմանը մասնակցելու պաշտոնական հրավերը, որում պետք է հստակ նշված լինի միջոցառման ուղղվածությունը, որին մասնակիցը հրավիրված է։
  • Որպես երիտասարդական hասարակական կազմակերպության անդամ հրավիրված լինելու դեպքում՝ հրավերում պետք է հստակ նշված լինի ՀՀ-ում գրանցված այն հասարակական կազմակերպության անվանումը, որի մասնակիցը մասնակցելու է տվյալ միջոցառմանը և երաշխավորագիր՝ տրված տվյալ երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից։
  • հրավերի հայերեն թարգմանությունը՝ հաստատված ՀՀ արդարադատության նախարարության կողմից որակավորում ստացած թարգմանչի կողմից։

ՀՀ ԿԳՄՍՆ կողմից ձևավորված պատվիրակության անդամները ներկայացնում են միասնական հայտ՝ կազմված հետևյալ փաստաթղթերից՝

  • միասնական դիմում՝ պատվիրակության անդամների կողմից,
  • պատվիրակության անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները,
  • միջոցառմանը պատվիրակության մասնակցության Հրավերը,
  • նախարարի հրամանը՝ պատվիրակություն ձևավորելու և պատվիրակության կազմը հաստատելու մասին:
Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության վարչություն, հեռ.՝ +374 10 59 96 43,

Էլ. փոստ` [email protected]։

Տարածել