ԼՂ առանձին շրջաններից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիր

Ծրագրի մասին

Ծրագրի շրջանակում ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները կարող են ձեռք բերել, կառուցել և վերակառուցել իրենց սեփական տունը։ Միջոցառման շրջանակում սուբսիդավորվում է նաև ձեռք բերվող կամ կառուցվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար գանձված գումարը։

Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցող բանկից կամ վարկային կազմակերպությունից հիփոթեքային վարկ ստանալու դեպքում՝ պետությունը հավաստագրի միջոցով իրականացնում է վարկային ժամանակացույցին համապատասխան մայր գումարի և տոկոսագումարի սուբսիդավորում, մասնավորապես՝

  • Երևանում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 8 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 8% տոկոսագումարի գծով,
  • ՀՀ մարզային բնակավայրերում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 10 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 10% տոկոսագումարի գծով,
  • ՀՀ առանձին գյուղական բնակավայրերում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 12 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 12% տոկոսագումարի գծով,
  • սահմանամերձ բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 14 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 13% տոկոսագումարի գծով,
  • սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու, ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) բազմաբնակարան բնակելի շենքում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 16 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 13% տոկոսագումարի գծով։
Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրից կարող են օգտվել ԼՂ առանձին շրջաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ բնակված, ԼՂ-ում հաշվառված և առնվազն վերջին երեք ամիսներին փաստացի (մշտապես) բնակված կամ հաշվառում չունենալու դեպքում վերջին երեք տարում փաստացի (մշտապես) բնակված և Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքը (այդ թվում՝ մեկ անձից բաղկացած), այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո տվյալ ընտանիքում ծնված երեխան, բացառությամբ այն ընտանիքների (անձանց), որոնք որևէ ծրագրի շրջանակներում գործուղվել են ԼՂ  մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը և վերջին երեք ամիսներին բնակվել են այնտեղ։

Դիմելու կարգ

Անհչաժեշտ է էլեկտրոնային տարբերակով դիմում ներկայացնել dimum.socservice.am կայքում։ Ստացված դիմումի մշակման արդյունքում, հիմք ընդունելով ԼՂ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, շրջվարչակազմի ղեկավարի և համայնքների ղեկավարների տրամադրած շահառուների տվյալները, 10 աշխատանքային օրվա ընթացքում ծրագրի պահանջներին բավարարող դիմողն ինքնաշխատ եղանակով ստանում է շահառուի կարգավիճակ, որից հետո 2-օրյա ժամկետում ինքնաշխատ եղանակով ձևավորվում է հավաստագիրը ՀՀ մարզային բնակավայրերում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման (կառուցապատումը շարունակելու) նպատակով, որը տրամադրվում է շահառուին էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով շահառուի կողմից նշված էլեկտրոնային հասցեին։
Շահառուն հավաստագրով ներկայանում է գործընկեր ֆինանսական կազմակերպություն՝ հիփոթեքային վարկավորման գործընթաց սկսելու համար։
Հավաստագրերի գործողության ժամկետը մինչև 2025 թվականի հուլիսի 1-ն է։
 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

Ծրագրի շրջանակում համագործակցող բանկեր՝ https://mlsa.am/banks

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

Էլ. նամակ ուղարկել ՀՀ ԱՍՀՆ` [email protected]   

Տարածել