Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման ծրագիր

Ծրագրի մասին

Պալիատիվ բժշկական օգնությունը  կյանքին  վտանգ  սպառնացող  կամ  անբուժելի հիվանդություն  ունեցող  պացիենտի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն ուղղված բժշկական օգնության և սպասարկման տեսակ է, որը նպատակ ունի մեղմել պացիենտի ցավը, տառապանքը և հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական, հոգևոր  և  այլ խնդիրներ՝ դրանք վաղ հայտնաբերելու, գնահատելու և անհրաժեշտ միջամտություններ իրականացնելու միջոցով:

Պալիատիվ բուժօգնությունն իրականացվում է առողջության պահպանման և բարելավման ծրագրի շրջանակներում,  կամ վճարովի հիմունքներով կամ ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:  Պալիատիվ բուժօգնությունն իրականացվում է շաբաթական 7 օր, 24 ժամ սկզբունքով:

Պալիատիվ բուժօգնության իրականացման ձևերն են`

  • արտահիվանդանոցային պալիատիվ բուժօգնության ծառայությունները տրամադրվում են պոլիկլինիկաներում՝ տվյալ հաստատության աշխատանքային ժամերին, այդ թվում՝ տնային կանչերի միջոցով,
  • շարժական (մոբիլ) պալիատիվ բուժօգնությունը կարող է տրամադրվել արտահիվանդանոցային կամ հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունում կամ հիվանդի տանը՝ այդ բուժհաստատության կողմից, 
  • հիվանդանոցային (ստացիոնար) պալիատիվ բուժօգնության դեպքում պացիենտների հիվանդանոցային բուժումն իրականացվում է համապատասխան լիցենզիա ունեցող հաստատություններում,
  • պալիատիվ բուժօգնությունը հոսպիսներում (պալիատիվ խնամքի մասնագիտացված կենտրոններ) տրամադրվում է հիվանդությունների զարգացման վերջին փուլում գտնվող այն պացիենտներին, որոնց համար անհրաժեշտ է հիվանդանոցային երկարատև խնամք։

Առողջության պահպանման և բարելավման ծրագրի շրջանակներում պալիատիվ բժշկական օգնություն իրականացնում են թվով 14 բժշկական կազմակերպություններ (արտահիվանդանոցային` 9, հիվանդանոցային` 5):
Արտահիվանդանոցային պալիատիվ բժշկական օգնության ծառայություն մատուցվում է Երևանում և ՀՀ մարզերում (ՀՀ Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզեր):
 

Ովքե՞ր կարող են դիմել

Պալիատիվ բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է յուրաքանչյուր անձի, ով ունի կյանքին վտանգ սպառնացող կամ շարունակական և (կամ) կյանքը սահմանափակող հիվանդություններ, նպատակ ունի մեղմելու պացիենտի ցավը և անբուժելի հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական, հոգևոր և այլ խնդիրները` դրանք վաղ հայտնաբերելու, գնահատելու և անհրաժեշտ միջամտություններ իրականացնելու միջոցով:

Դիմելու կարգ

Արտահիվանդանոցային պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմել իր հաշվառման վայրի առողջության առաջնային պահպանման հաստատություն: Իր հաշվառման վայրում պալիատիվ բուժօգնության ծառայության բացակայության դեպքում քաղաքացին կարող է դիմել այլ հաստատություն, որտեղ նշված ծառայությունները մատուցվում են:

Առողջության առաջնային պահպանման հաստատությունների մասնագետները պալիատիվ բուժօգնության կարիք ունեցող պացիենտին ուղեգրում են պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման կաբինետ: Պալիատիվ բուժօգնության տրամադրման պահից սկսած լիովին դադարեցվում է մինչ այդ պացիենտին տվյալ հիվանդության կապակցությամբ ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման այլ տեսակների շրջանակներում ծառայությունների իրականացումը, կատարվում է պալիատիվ բժշկական օգնության անցնելու վերաբերյալ գրանցում պացիենտի բժշկական փաստաթղթերում և պացիենտը հսկվում է պալիատիվ բուժօգնության մասնագետի կողմից:

Պալիատիվ մասնագիտացված հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտության դեպքում պացիենտին առաջարկվում է համապատասխան բուժօգնությունը ստանալ ստացիոնար պայմաններում:

Պալիատիվ բուժօգնության կարիք ունեցող պացիենտների հիվանդանոցային բուժումն իրականացվում է նշված գործունեության տեսակով զբաղվելու լիցենզիա ունեցող հաստատություններում, իսկ պալիատիվ բուժօգնության և հարատև խնամքի կարիք ունեցողներինը` հոսպիսներում:

Մանկական պալիատիվ բուժօգնությունը իրենից ներկայացնում է կյանքը սահմանափակող հիվանդություններով երեխաներին բազմամասնագիտական թիմային ծառայությունների տրամադրում շաբաթը 7 օր 24 ժամ սկզբունքով:

Մանկական պալիատիվ բուժօգնության տրամադրմանը ներգրավված անձնակազմը ներառում է մանկական պալիատիվ բուժօգնության հարցերի շուրջ վերապատրաստված բժիշկների, հոգեբանների, բուժքույրերի: Կախված հիվանդության և վիճակի բնույթից թիմի մեջ կարող են ներգրավվել նեղ մասնագետներ, ֆիզիկական թերապիստներ, էրգոթերապիստներ, լոգոպեդներ, մանկավարժներ և այլն:

Մանկական պալիատիվ բուժօգնության ուղեգրելու մասին որոշումն ընդունվում է երեխային բուժող բժշկի կողմից` պալիատիվ բուժօգնության բժիշկ-մասնագետի պարտադիր մասնակցությամբ:

 

Անհրաժեշտ փաստաթղթեր
  • Անձնագիրը և/կամ նույնականացման քարտը,
  • սոցիալական քարտը։
Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ԱՆ 18.10.2017թ. «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման չափորոշիչը հաստատելու մասին» թիվ 45-Ն հրաման

ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003
Տեղեկատու հեռ.` (+37460) 80 80 03/2304
 

Տարածել