Անվճար և արտոնյալ պայմաններով ստոմատոլոգիական բժշկական օգնության ծրագիր

Ծրագրի մասին

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններից օգտվում են բնակչության սոցիալապես անապահով  և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձինք:

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ստոմատոլոգիական ծառայությունները ներառում են` ատամի հեռացում, պուլպիտի բուժում, պերիօդոնտիտի բուժում, կարիեսի բուժում, մինչև 18 տարեկան երեխաների լորձաթաղանթի հիվանդությունների բուժում, լրիվ կամ մասնակի շարժական թիթեղային պրոթեզի, պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում, տեղադրում և վերանորոգում (յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ)։

Արտոնյալ պայմաններով մատուցվող ստոմատոլոգիական ծառայությունների պետության մասնակցության մասը կազմում է ընդհանուր գնի 65 տոկոսը, իսկ շահառուի կողմից վճարվող համավճարի չափը՝ ընդհանուր գնի 35 տոկոսը:
 

Ովքե՞ր կարող են դիմել

1. Ստոմատոլոգիական բժշկական օգնությունը  և սպասարկումը անվճար մատուցվում է` 

  • ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներին,
  • հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով, ինչպես նաև 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց,
  • մինչև 7 տարեկան երեխաներին,
  • մինչև 18 տարեկան սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված երեխաներին,
  •  նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց,
  • Լեռնային Ղարաբաձից բռնի տեղահանվածներին:
     

 2. Արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձինք` 

  • հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով, ինչպես նաև 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք,
  • հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով, ինչպես նաև 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք,
  • հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք,
  • վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում,
  • առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ` մինչև 18 տարեկան, և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք` 18-23 տարեկան,
  • 65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք` ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայությունների մասով,
  • զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողներ,
  • փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, հաշմանդամություն ձեռք բերած փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքների անդամներ,
  • ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ,
  • բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և ժամանակավոր օթևանների շահառուներ,
  • բռնադատվածներ,
  • չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ,
  • մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք,
  • հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաներ` մինչև 18 տարեկան,
  • բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ,
  • մինչև 18 տարեկան` դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաներ,
  • միածնող երեխաներ` մինչև 18 տարեկան,
  • ապաստան հայցողներ ու նրանց ընտանիքների անդամներ,
  • ՀՀ օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներ:
Դիմելու կարգ

Շահառուն դիմում է  այն  ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն, որը Առողջապահության նախարարության հետ կնքել է «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» պայմանագիր (ցանկ

Անհրաժեշտ փաստաթղթեր
  • անձնագիրը և/կամ նույնականացման քարտը,
  • սոցիալական քարտը,
  • ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված խմբերից որևէ մեկին պատկանելիության փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթ:
     
Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշում,
ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,
Տեղեկատու հեռ.` (+37460) 80 80 03/2304։
 

Տարածել