Ուսանողների կրթաթոշակի տրամադրում՝ ըստ պետության համար կարևորություն ներկայացնող մասնագիտությունների և օրենքներով նախատեսված սոցիալական խմբերի

Ծրագրի մասին

Ծրագրի շրջանակում պետական կրթաթոշակ է տրամադրվում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին՝ ըստ ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշմամբ սահմանված՝ պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) և սոցիալական խմբերի (ցանկ):

 

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրի շահառու կարող են դառնալ.

1) ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի 1430-Ն որոշմամբ սահմանված հետևյալ մասնագիտություններից (կրթական ծրագրերից) որևէ մեկով ՀՀ բուհերում կամ կազմակերպություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողները` առաջին կուրսում ստանալով 70 000 (յոթանասուն հազար) դրամ, իսկ հաջորդ կուրսերում՝ նախորդ ուսումնական տարվա արդյունքներով միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 90,01% և բարձր ՄՈԳ ունեցողները՝ 77 000 (յոթանասունյոթ հազար) դրամ, 80,01-90,00% ՄՈԳ ունեցողները՝ 70 000 դրամ:
Սույն կրթաթոշակի չափը կիրառվում է սկսած 2023-2024 ուսումնական տարվանից 1-ին կուրս ընդունվածների վրա, իսկ ՀՀ կառավարության 2024թ. սեպտեմբերի 5-ի՝ N 1402-Ն որոշմամբ ավելացված մասնագիտությունների դեպքում՝ սկսած 2024-2025 ուստարվանից 1-ին կուրս ընդունվածների վրա:

2) «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով նախատեսված ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ, սովորողների կրթաթոշակի չափը սահմանվել է 50 000 դրամ:

Սույն կրթաթոշակի չափը կիրառվում է սկսած 2023-2024 ուսումնական տարվանից 1-ին կուրս ընդունվածների վրա:

3) «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքով նախատեսված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչև 23 տարեկան ՀՀ պետական բուհերի սովորողների կրթաթոշակի չափը սահմանվել է 75 000 ՀՀ դրամ:

Սույն կրթաթոշակի չափը, համաձայն ՀՀ կառավարության 2024 թվականի  փետրվարի 1-ի N 150-Ն որոշման, կիրառվում է նաև մինչև 2023-2024 ուսումնական տարին սահմանված կարգով բուհ ընդունված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող սովորողների վրա:

Դիմելու կարգ

Պետական կրթաթոշակների ձևակերպման գործընթացն իրականացնում է բուհը:

Անհրաժեշտ փաստաթղթեր
  • Դիմում,
  • Օրենքներով սահմանված սոցիալական խմբերի սովորողների դեպքում՝ կարգավիճակը հավաստող փաստաթուղթ:
Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի 1430-Ն  որոշում,

ՀՀ կառավարության 2024 թվականի  փետրվարի 1-ի N 150-Ն որոշում,

ՀՀ կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 5-ի N 1402-Ն որոշում,

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության ուսանողների աջակցության բաժին՝ (+374 10) 21-01-40 (ներքին՝ 110)

ՀՀ ԿԳՄՍՆ  թեժ գիծ՝ (+374 10) 59-96-00, տեղեկատու հեռախոս՝ (+374 10) 52-73-43։

Տարածել