Ղարաբաղից տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիր

Ծրագրի մասին

Կառավարությունը կաջակցի Ղարաբաղից տեղահանված անձանց ձեռք բերել ինչպես մասնագիտական հմտություններ և կարողություններ, այնպես էլ աշխատանքային փորձ և աշխատանք։

Զբաղվածության ծրագրից օգտվելու համար պետք է պարզապես դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Ծրագրով նախատեսվում է աջակցության 3 ուղղություն՝

  1. մասնագիտական ուսուցում և աշխատանքի տեղավորում,
  2. աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում,
  3. մասնագիտական ուսուցում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում։

Ուղղություն 1 «Մասնագիտական ուսուցում և աշխատանքի տեղավորում»

Եթե կարծում եք, որ ձեզ անհրաժեշտ են լրացուցիչ մասնագիտական գիտելիքներ գործատուի առաջարկած աշխատանքն իրականացնելու համար, ապա ծրագրի առաջին ուղղության դեպքում  Ձեզ համար կառաջարկվի կազմակերպել ուսուցման դասընթացներ։

Ուսուցումը կարող է կազմակերպվել ինչպես գործատուի մոտ, եթե վերջինս բավարարում է  ուսուցումն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններին, այնպես էլ գործատուի կողմից առաջարկված ուսումնական հաստատությունում։ Ուսուցումը կարող է տևել մինչև 6 ամիս։ Այդ ընթացքում Ձեզ կտրամադրվի կրթաթոշակ՝ ամսական 50․000 դրամի չափով, և ամսական մինչև 50․000 դրամ՝ որպես ուսման վարձի փոխհատուցում։

Ուսուցումն ավարտելուց հետո Դուք աշխատանքային պայմանագիր կկնքեք գործատուի հետ՝ առնվազն 3 ամիս ժամկետով և այդ 3 ամիսների համար գործատուին կտրամադրվի աջակցություն՝ ամսական մինչև 50,000 դրամի չափով՝ որպես շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում՝ սոցիալական վճարի փոխհատուցում։

Ուղղություն 2 «Աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում»

Եթե Դուք ունեք մասնագիտական գիտելիքներ, սակայն չունեք համապատասխան փորձառություն և ունեք կարիք զարգացնելու Ձեր մասնագիտական հմտություններն ու կարողությունները, ապա այս ուղղությունը  Ձեզ համար է։

Ծրագրի շրջանակում Ձեր և գործատուի միջև կկնքվի աշխատանքային պայմանագիր՝ առնվազն 6 ամիս ժամկետով։ Առաջին 3 ամիսների ընթացքում Դուք ձեռք կբերեք աշխատանքային փորձ։ Այդ ժամանակահատվածի համար գործատուին կտրամադրվի ամսական 165,000 դրամ՝ ներառյալ հարկերը և պարտադիր վճարները, որպես Ձեր աշխատավարձի փոխհատուցում։

3 ամիս անց՝ աշխատանքային փորձի ձեռքբերումից հետո, Դուք կշարունակեք գործատուի մոտ Ձեր աշխատանքը, և հաջորդ 3 ամիսների համար գործատուին կտրամադրվի աջակցություն ամսական մինչև 50,000 դրամի չափով՝ Ձեր աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում՝ սոցիալական վճարի փոխհատուցման նպատակով։

Ուղղություն 3 «Մասնագիտական ուսուցում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում»

Եթե Դուք ունեք կարիք ստանալու մասնագիտական գիտելիք, զարգացնելու Ձեր հմտություններն ու կարողությունները, ձեռք բերելու աշխատանքային փորձառություն և անցնելու աշխատանքի, ապա այս ուղղությունը թույլ կտա  մեկտեղելու այս բոլորը։ Առաջին փուլով կկազմակերպվի Ձեր ուսուցումը։

Ուսուցումը կարող է կազմակերպվել ինչպես գործատուի մոտ, եթե վերջինս բավարարում է  ուսուցումն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններին, այնպես էլ գործատուի կողմից առաջարկված ուսումնական հաստատությունում։ Ուսուցումը կարող է տևել մինչև 6 ամիս։ Այդ ընթացքում Ձեզ կտրամադրվի կրթաթոշակ՝ ամսական 50․000 դրամի չափով, և ամսական առավելագույնը ևս 50,000 դրամ՝ որպես ուսման վարձի փոխհատուցում։

Ուսուցումն ավարտելուց հետո Ձեր և գործատուի միջև կկնքվի աշխատանքային պայմանագիր՝ առնվազն 6 ամիս ժամկետով։ Առաջին 3 ամիսների ընթացքում Դուք ձեռք կբերեք աշխատանքային փորձ։ Այդ ժամանակահատվածի համար գործատուին կտրամադրվի ամսական 165,000 դրամ՝ ներառյալ հարկերը և պարտադիր վճարները,  որպես Ձեր աշխատավարձի փոխհատուցում։

3 ամիս անց՝ աշխատանքային փորձի ձեռքբերումից հետո, Դուք կշարունակեք գործատուի մոտ Ձեր աշխատանքը, և հաջորդ 3 ամիսների համար գործատուին կտրամադրվի աջակցություն՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով՝ Ձեր աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում՝ սոցիալական վճարի փոխհատուցման նպատակով։

Գործատուի և շահառուի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը մինչև սահմանված ժամկետի լրանալը լուծելու դեպքում գործատուն կպարտավորվի վերադարձնել շահառուի կրթաթոշակի/ուսման վարձի կամ որպես աշխատավարձ վճարված գումարը։

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրի շահառու կարող են դառնալ 2023թ.-ին Ղարաբաղից բռնի տեղահանված այն չզբաղված անձինք, որոնք «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության հիման վրա վերջին երեք ամսվա ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող աշխատող և երբևէ աշխատանքային հարաբերությունների մեջ չեն գտնվել թափուր աշխատատեղ ներկայացրած գործատուի հետ։

Ծրագրում որպես գործատու կարող են ներգրավվել բոլոր այն կազմակերպությունները (այդ թվում՝ հասարակական կազմակերպությունները), որոնք ունեն թափուր աշխատատեղեր` բացառությամբ հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմինների։

Դիմելու կարգ

Ծրագրից օգտվելու համար և՛ շահառուները, և՛ գործատուները պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ Կենտրոնների հասցեներին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ Կառավարության 11 հունվարի 2024 թվականի N 57-Լ որոշում

ՀՀ ԱՍՀՆ

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

«Հայաստանյան աշխատաշուկան մեկ վայրում» հարթակ՝ Ework.am

Էլ. նամակ ուղարկել ՀՀ ԱՍՀՆ` [email protected]  

Տարածել