Տնային պայմաններում ընդհանուր տիպի խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց

Ծրագրի մասին

Տնային պայմաններում խնամքի դեպքում, համաձայն գնահատված սոցիալական կարիքի և առողջական վիճակի, շահառուին տրամադրվում են հետևյալ սոցիալական ծառայությունները՝

  1. կենցաղային սպասարկում.
  2. բժշկական օգնություն և սպասարկում.
  3. սոցիալ-հոգեբանական օգնություն.
  4. խորհրդատվական օգնություն.
  5. աջակցող միջոցներով ապահովելու կամ այլ ծառայություններ ստանալու գործընթացի կազմակերպում։

 Շահառուի գնահատված կարիքների հիման վրա՝ տնային պայմաններում սույն նշված ծառայություններից բացի, կարող են տրամադրվել նաև՝

  1. խորհրդատվական օգնություն շահառուին՝ ուղղված հոգեկան առողջության վերականգնմանը և նրա ընտանիքին` հոգեկան և վարքային այլ խանգարումներ ունեցող անձանց առանձնահատկությունների, նրանց հետ հաղորդակցվելու հմտությունների, սոցիալական իրավունքների վերաբերյալ.
  2. անկախ կյանքի հմտությունների ձևավորում (ինքնասպասարկման, կենցաղավարման, տեղաշարժման, հաղորդակցման, ուսումնառության, միջանձնային և սոցիալական հարաբերություններ ստեղծելու հմտություններ).
  3. հոգեբույժի պարբերական հսկողություն։

Տնային պայմաններում խնամք ստացող անձինք, ըստ իրենց առողջական վիճակի, կենսագործունեության կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի, դասակարգվում են երկու խմբի, որոնց նկարագրերը, տրամադրվող խնամքի ձևաչափը և հաստիքային միավորները սահմանվում են պետական լիազոր մարմնի կողմից։

Ծառայությունները մատուցվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։

Ովքե՞ր կարող են դիմել

Տնային պայմաններում խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող և չաշխատող (բացառությամբ տնային պայմաններում աշխատողի) տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց

Դիմելու կարգ

Խնամքի ծառայությունների տրամադրման նպատակով անհրաժեշտ է դիմում ներկայացնել փաստացի բնակության վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն (ՄՍԾ տարածքային կենտրոնների հասցերները)։ Տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողի կողմից իրականացված տնայցի և սոցիալական կարիքների գնահատման արդյունքում որոշում է կայացվում խնամքի տրամադրման կամ մերժման վերաբերյալ։  

Անհրաժեշտ փաստաթղթեր

Խնամք ստանալու համար խնամք հայցող անձը, նրա ներկայացուցիչը կամ խնամակալը տարածքային կենտրոն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

  1. անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք.
  2. ՀՀ-ում ժամանակավոր, մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ կամ փախստական կամ ապաստան հայցող հանդիսանալու դեպքում՝ անձը հաստատող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող ժամանակավոր կամ մշտական կացության քարտը կամ հատուկ անձնագիրը, ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ փախստական ճանաչված անձի համար՝ անձնագիրը (որն իր նկարագրով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված անձնագրի նկարագրին, սակայն ծածկագիրը տպագրվում կամ տպագրված է բացառապես 070 ծածկագրով) կամ փախստականի վկայականը, իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ ճամփորդական փաստաթուղթը.
  3. հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ նաև բժշկասոցիալական փորձաքննության կամ անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը կամ քաղվածք-տեղեկանքը (եթե նման որոշումը կամ քաղվածք-տեղեկանքն առկա չէ տարածքային կենտրոնում)․
  4. առողջական վիճակի մասին՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված ձևի համաձայն և համապատասխան բժշկական հաստատության կողմից լրացված բժշկական փաստաթուղթ, որը տրամադրվել է ներկայացման պահից ոչ շուտ, քան 3 ամսվա ընթացքում՝ բացառությամբ տնային պայմաններում խնամքի տրամադրման ծառայությունների.
  5. տնային պայմաններում խնամքի տրամադրման ծառայությունների դեպքում՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված ձևին համապատասխան ամբուլատոր բժշկական քարտից քաղվածք։
Խորհրդատվություն, օգտակար հղումներ

Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում ընդհանուր տիպի խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ցանկ

socservice.am

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԱՍՀՆ` [email protected]

Տարածել
Տեսանյութ