Ուղեցույց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների համար
2023-10-16

News Photo

Ինչպես ստանալ 2023-2024 ուստարվա ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում․ ուղեցույց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների և ՀՀ պետական ուսումնական հաստատությունների համար։

 

Ո՞վ կարող է ստանալ կրթաթոշակ
2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ուսումնական հաստատությունների (պետական կամ մասնավոր) սովորող հանդիսացող և համապատասխան մասնագիտություններով (կրթական ծրագրերով) ՀՀ պետական ուսումնական հաստատություններում (նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում/մասնաճյուղերում) սահմանված կարգով հրամանագրված/ տեղափոխված ուսանողները:

 

Ինչպե՞ս ստանալ կրթաթոշակ

Քայլ 1
Դիմում եք պետական ուսումնական հաստատությանը՝ Ձեր մասնագիտությամբ (եթե այդպիսին չի իրականացվում, ապա հարակից մասնագիտությամբ) ուսումը շարունակելու համար՝ ներկայացնելով հնարավոր ամբողջական տեղեկատվությունը և փաստաթղթերը:

 

Քայլ 2
Ուսումնական հաստատությունը ներգրավում է Ձեզ համապատասխան կրթական ծրագրի դասապրոցեսում, եթե՝

ա) տվյալ կրթական ծրագրում լրացուցիչ սովորողների ներգրավման համար առկա են ֆիզիկական անհրաժեշտ պայմաններ,
բ) եթե կարգով սահմանված կրթաթոշակի առավելագույն չափը բավարարում է տվյալ ուսումնական հաստատությունում տվյալ կրթական ծրագրով ուսումնական պրոցեսում ներգրավվելու համար,
գ) հակառակ պարագայում Դուք կարող եք դիմել նույն ծրագիրն իրականացնող այլ պետական ուսումնական հաստատություն կամ ուսհաստատության մասնաճյուղ ՀՀ այլ քաղաքներում:

 

Քայլ 3
Ուսումնական պրոցեսում Ձեր ներգրավմանը զուգընթաց՝ պետական ուսումնական հաստատությունը կազմակերպում է Ձեր տեղափոխության փաստաթղթավորումը՝ ըստ անհրաժեշտության համագործակցելով այլ մարմինների հետ:

 

Քայլ 4
Պետական ուսումնական հաստատությունը կազմում և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն է տրամադրում կրթաթոշակի շահառուների անվանացանկը՝ նշելով վերջիններիս հետևյալ տվյալները՝

1) ուսանողի նույնականացման տվյալներ,
2) տեղեկություն՝ տեղափոխված կրթական ծրագրի, մասնագիտության և որակավորման մասին,
3) տեղեկություն՝ մինչև տեղափոխությունն ուսումնառած կրթական ծրագրի, մասնագիտության և որակավորման մասին,
4) կրթական աստիճանը,
5) կուրսը,
6) ուսուցման ձևը,
7) այլ տեղեկություն՝ ըստ անհրաժեշտության:

 

Քայլ 5
Նախարարությունը ստուգում է անվանացանկերը, համադրում Միասնական սոցիալական ծառայության գրանցամատյանների և ԼՂ համապատասխան ուսհաստատությունից ստացված տվյալների հետ՝ ըստ անհրաժեշտության ճշգրտելով կամ լրացնելով:

 

Քայլ 6
Ճշգրտված անվանացանկերի հիման վրա՝ անհրաժեշտ ֆինանսական միջոցները փոխանցվում են ուսումնական հաստատության հաշվին:

 

Քայլ 7
Դուք և պետական ուսումնական հաստատությունը կնքում եք պայմանագիր՝ հատկացված կրթաթոշակի միջոցներով 2023-2024 ուստարվա ուսման վարձի փոխհատուցմանն ուղղելու մասին:

 

Քայլ 8
Սովորում եք առավելագույն արդյունավետությամբ, քանի որ հետագա ծրագրերը փոխկապակցված են լինելու գերազանց առաջադիմության հետ:

 

Հարցերի և խորհրդատվության համար դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարույթուն՝ 
Թեժ գիծ  (374 10) 59-96-00,  Տեղեկատու հեռախոս՝  (374 10) 52-73-43։

Տարածել