Ամսական 40.000+10.000 դրամ աջակցություն՝ բնակարանի վարձավճարի և կոմունալ վճարումների համար
2023-10-12

News Photo

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի վեցամսյա սոցիալական աջակցություն՝ 40 հազարական դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու և 10 հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար։

Ըստ այդմ, աջակցությունը կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների չափահաս և անչափահաս անդամներին, բացառությամբ՝
• եթե դիմողը բացակայում է ՀՀ-ից,
• բնակչության պետական ռեգիստրում ՀՀ-ում հաշվառված անձ է։
 

Տեղահանված այն անձինք, ովքեր ՀՀ-ում ունեն բնակելի անշարժ գույք, ժամանակավոր կացարաններում բնակվելու համար նախատեսված 40 հազար դրամ աջակցության շահառու չեն հանդիսանա, սակայն վերջիններս կկարողանան օգտվել կոմունալ վճարների համար նախատեսված 10 հազարական դրամներից։

Հոկտեմբեր ամսվա համար դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ այս ամսվա վճարման ցուցակը կձևավորվի 100 հազար դրամ միանվագ աջակցություն ստացած անձանց տվյալների մշակման միջոցով։

Գումարը կփոխանցվի շահառուների բանկային հաշիվներին։ Այն դեպքերում, երբ շահառուի տարիքը 75-ից բարձր է կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ է և չունի բանկային հաշվեհամար գումարը կտրամադրվի առձեռն՝ Հայփոստի միջոցով։

Սկսած նոյեմբեր ամսից աջակցությունը չի վերաբերի՝
• բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում ժամանակավոր բնակվող անձանց,
• պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող անձանց։

Սկսած նոյեմբեր ամսից աջակցությունը կտրամադրվի մեկ անգամ ներկայացվող առցանց դիմումների հիման վրա, որի ընթացակարգը կներկայացվի լրացուցիչ։

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել Թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով։

Տարածել