ԼՂ դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով 2023թ. սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված բոլոր անձինք ՀՀ կառավարության որոշմամբ կստանան 100 հազար դրամ միանվագ աջակցություն՝ առաջնային կարիքների ծախսերի ապահովման համար։
Աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է հետևել նշված քայլերին՝
Քայլ 1. Աջակցությունից օգտվելու համար պարտադիր է, որ անձը հաշվառված լինի ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։ Նրանք, ովքեր Հայաստան մուտք գործելիս հաշվառում չեն անցել, պետք է մոտենան Հայաստանի 60-ից ավել համայնքներում ստեղծված տարածքային հումանիտար կենտրոններ (հասցեները՝ https://irazekum.am/nkc) կամ Փարաքարի Միասնական սոցիալական ծառայության կայան (հասցե՝ Նաիրի 40):
Քայլ 2. Հաշվառում անցած տեղահանված այն անձինք, ովքեր չունեն բանկային քարտեր, պետք է դիմեն նախընտրելի բանկ՝ անվճար քարտ ստանալու համար, որին կփոխանցվի աջակցության գումարը*։ Քարտի թողարկման դիմումը ներկայացնելուց հետո Կենտրոնական բանկը նոր քարտատիրոջ քարտի համարը կուղարկի Միասնական սոցիալական ծառայությանը՝ դրամական աջակցությունը քարտին փոխանցելու համար։
Ընդ որում՝
► Տեղահանված այն անձինք, ովքեր ունեն բանկային քարտեր (այդ թվում՝ կենսաթոշակի), որևէ տեղ դիմելու, նոր քարտ ձեռք բերելու անհրաժեշտություն չունեն։ 100 հազար դրամ միանվագ աջակցությունը առաջիկա օրերի ընթացքում կփոխանցվի նրանց քարտերին։
► 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր չունեն բանկային քարտ, աջակցությունը կարող են ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստից (ըստ անհրաժեշտության՝ փոստատարի միջոցով)՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա։
Կարևոր դիտարկումներ.
* Քարտային հաշիվ հնարավոր է բացել Հայաստանում գործող բոլոր բանկերում, բացի «Մելլաթ Բանկ» ՓԲԸ և «Ֆասթ բանկ» ՓԲԸ բանկերից, որոնք այս պահի դրությամբ ֆիզիկական անձանց քարտային հաշիվներ չեն սպասարկում:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել Թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով։