Փոփոխություններ գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով վարկերի սուբսիդավորման ծրագրում
2025-08-08

News Photo

Կառավարության որոշման փոփոխություններ են տեղի ունեցել գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով վարկերի սուբսիդավորման ծրագրում։

Ծրագրի շրջանակում  վարկերը տրամադրվում են պտուղբանջարեղենի գնումների, պտուղբանջարեղենի պահածոների արտադրության մեջ օգտագործվող ապակե բանկաների, կափարիչների, ասեպտիկ պարկերի, դրանց տարաների ձեռքբերման, խաղողի գնումների, կաթի գնումների, սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների գնումների, շինշիլայի գնումների նպատակով։

Համաձայն վերջին թարմացումների՝ ծրագրի շրջանակներում սպանդանոցների կողմից խոշոր եղջերավոր կենդանիների մթերումների (գնումների) նպատակով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը վարկերը տրամադրվում են մինչև 1.5 տարի մարման ժամկետով, սուբսիդավորվում են 9 տոկոսային կետով, իսկ մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է ոչ ավելի, քան 6 ամիս: Վարկի գումարը հաշվարկվելու է սպանդանոցի մակերեսով՝ 1 քառ. մետր մակերեսի համար ոչ ավելի, քան 0.2 մլն դրամ հաշվարկով, իսկ շարժական սպանդանոցի համար՝ ոչ ավելի, քան 5.0 մլն դրամ։ Յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 20.0 մլն դրամը, իսկ շարժական սպանդանոցի համար՝ 5.0 մլն դրամը։ 

Կառավարության որոշմամբ փոփոխության է ենթարկվել նաև ծրագրի շրջանակում Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցող ֆինանսական կառույցների ցանկը։

Ծրագրի այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հարթակի «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով վարկերի սուբսիդավորման ծրագիր» էջում։

Տարածել