Կառավարությունը գործարկել է զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց համար։
Առաջարկվող ծրագրով Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թթ․սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռնվում ձեռք բերել մասնագիտական հմտություններ, աշխատանքային փորձառություն և աշխատանք։
Ծրագիրն ունի 3 բաղադրիչ՝
մինչև 5 ամիս տևողությամբ շահառուի մասնագիտական ուսուցում (այս դեպքում պետության կողմից փոխհատուցվում է շահառուի ուսման վարձը՝ ամսական 50,000 դրամի չափով, տրամադրվում է կրթաթոշակ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 %-ի չափով (37,500 դրամ), ինչպես նաև մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով տրամադրվում է հարկերի փոխհատուցում՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով)
գործատուի մոտ եռամսյա աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպում (այս դեպքում առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում գործատուի և շահառուի միջև, որից հետո պետության կողմից գործատուին փոխհատուցվում է շահառուին վճարվող աշխատավարձը՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով, ամսական կտրվածքով, ինչպես նաև շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկային և սոցիալական վճարները՝ առաջին 3 ամսում ամսական առավելագույնը 25,000 դրամի չափով, հաջորդ 9 ամիսներին՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով)
գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում՝ 300,000 դրամի չափով՝ շահառուի հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու պարագայում։
Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ Պետական աջակցության ծրագերի իրազեկման հարթակի «Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց համար» բաժնում։