ՀՀ Կառավարության որոշմամբ բարելավվել են սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի պայմանները։ Միջոցառման շրջանակում աջակցություն է տրամադրվում սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուներին՝ պետական աջակցությունն ուղղելով հիփոթեքային վարկի ամենամսյա մայր գումարի և տոկոսագումարների մարմանը։ Աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13% տոկոսադրույքի չափով մարման համար։
Բարելավման շրջանակում երակարաձգվել է ծրագրի գործողության ժամկետը՝ շահառուները կկարողանան դիմել և ծրագրից օգտվել մինչև 2025 թ դեկտեմբերի 30-ը։
Փոփոխությունների արդյունքում սահմանվել են նաև բանկի սեփական ռեսուրսով վարկավորման պայմանները, ինչը հնարավորություն կտա այլ բանկերին ևս միանալ ծրագրին և սեփական ռեսուրսով իրականացնել վարկավորում։
Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պետաջակցության ծրագրերի իրազեկման հարթակի «Բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիր՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում սեփական տուն կառուցելու համար» էջում։