Փոփոխություններ գյուղնշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) պետական աջակցության ծրագրում
2024-01-16

News Photo

Կառավարության որոշմամբ՝ փոփոխություններ են կատարվել գյուղնշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) պետական աջակցության ծրագրում։ 

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2023-2025 թթ.-ին և ընդգրկելու է ՀՀ ամբողջ տարածքը։

Այն իրականացվելու է միավորված (կոնսոլիդացված) հողամասում շահառուի կողմից իրականացված աշխատանքների համար փաստացի կատարված ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։ 

Միավորված (կոնսոլիդացված) հողամասի հանրագումարային մակերեսը պետք է կազմի առնվազն 10 հա, ընդ որում՝ փոխհատուցումը տրամադրվում է ոչ ավելի, քան 200 հա (ներառյալ) միավորված հողամասում կատարված աշխատանքների դիմաց։

Փոփոխությունների համաձայն՝ միավորված հողամասի ընդհանուր մակերեսում՝

  1. առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի միավորների քանակը պետք է լինի 10-30 հա միավորված հողամասի դեպքում առնվազն 5 միավոր, 30-100 հա միավորված հողամասի դեպքում՝ առնվազն 10 միավոր100-200 հա միավորված հողամասի դեպքում՝ առնվազն 20 միավոր, ընդ որում՝ նշված միավորները չեն ներառում մինչև փոխհատուցման պայմանագրի կնքումը շահառուին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի միավորների քանակը,
  2. մինչև փոխհատուցման պայմանագրի կնքումը շահառուին սեփականության իրավունքով պատկանող հողամասի/հողամասերի ընդհանուր մակերեսի չափը չի կարող գերազանցել միավորված հողամասի ընդհանուր մակերեսի 20%-ը,
  3. առանձին գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր հողամասի ձեռքբերումը, պետք է իրականացվի փոխհատուցման պայմանագրի կնքումից հետո,
  4. միավորվող առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքները պետք է գրանցված լինեն փոխհատուցման պայմանագրի կնքման օրվանից առնվազն 2 տարի առաջ։

Շահառուներն ազատվում են ծրագրի շրջանակներում հողերի միավորման (կոնսոլիդացիայի) պայմանագրերը վավերացնելու համար նոտարական գործողություններ իրականացնող մարմիններում պետական տուրքի, ինչպես նաև սեփականության իրավունքը գրանցելու համար պետական տուրքի վճարումներից:

Ծրագրի այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի «Գյուղնշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության ծրագիր» էջում։

Տարածել