2023 թվականին շարունակվում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ.-ի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման (այսուհետ՝ ավանդի դիմաց փոխհատուցում) տրամադրման գործընթացը և այն ստանալու իրավունքը տրված է ներքոհիշյալ սոցիալական խմբերին պատկանող անձանց՝
1) մինչև 1940 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձանց, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.
2) ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակից անձանց, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.
3) մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաև այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձանց, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.
4) ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ զոհված (մահացած) կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձանց:
Վերը թվարկված սոցիալական խմբերից որևէ մեկին պատկանող ավանդատուն կարող է հաշվառվել ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու համար, եթե նրա ավանդը ներդրվել է մինչև 1993 թվականի հունիսի 10-ը և, եթե նա հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում՝ Հայաստանի Հանրապետության հասցեով:
Ավանդատուի փոխհատուցում ստանալու պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, այն չի կարող անցնել այլ անձի, լինել գրավի առարկա, մտնել ժառանգության զանգվածի մեջ:
Այսինքն՝ ավանդատուի ժառանգները (բացառությամբ՝ փոխհատուցման իրավունք ունեցող՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ավանդ ներդրած ամուսինների) ավանդատոի անունով ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալ չեն կարող:
Ավանդատուին հասանելիք փոխհատուցման չափը հաշվարկելիս ավանդատուի` մեկից ավելի ավանդների (իսկ մահացած ամուսնու անունով ներդրված ավանդների առկայության դեպքում, նաև այդ ավանդների 50 %-ը) գումարները գումարվում են և անձին հասանելիք փոխհատուցումը հաշվարկվում է ընդհանուր գումարի նկատմամբ:
Ավանդի դիմաց փոխհատուցման գումարի չափը հաշվարկվում է ըստ հետևյալ սանդղակին համապատասխան:
|
Ավանդի գումարի չափը |
Տրամադրվող փոխհատուցման գումարը (ՀՀ դրամով) |
|
1000-ից ոչ ավելի |
Ավանդի գումարը x 84 |
|
1001-ից մինչև 3000 (ներառյալ) |
84000+(ավանդի 1000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 29.4) |
|
3001-ից մինչև 5000 (ներառյալ) |
142800+(ավանդի 3000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 16.8) |
|
5001-ից մինչև 10000 (ներառյալ) |
176400+(ավանդի 5000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 8) |
|
10000-ից ավելի |
216400+(ավանդի 10000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 4) |
Փոխհատուցումը վճարվում է ավանդատուի ընտրությամբ՝ կանխիկ (Հայփոստի միջոցով) կամ անկանխիկ (բանկերի միջոցով) եղանակով:
Յուրաքանչյուր տարի պետական բյուջեով նախատեսվում են ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման համար ֆինանսական միջոցներ, որի շրջանակում էլ շահառուների դիմումներին ընթացք է տրվում:
Ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձը նախ պետք է դիմի ՎՏԲ-Հայաստան բանկ՝ իր (կամ մահացած ամուսնու) անունով նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ.-ի հունիսի 10-ը ներդրված ավանդների մասին տեղեկանքի տրամադրման խնդրով, որը ստանալուց հետո միայն ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու համար հաշվառվելու նպատակով դիմել իր բնակության վայրը (բնակչության պետական ռեգիստրում հաշվառված՝ բնակության վայրի հասցեն) սպասարկող միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն:
Ավանդատուն միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել անձամբ կամ իր օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով:
ՀՀ Կառավարության 23 ապրիլի 2014 թվականի N 460-Ն որոշում
ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114
Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԱՍՀՆ` [email protected]